Երկուշաբթի օրը նավթի գնանշումները նվազել են ավելի քան 4%-ով՝ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում լարվածության թուլացման ազդակների ֆոնին:

Թեհրանը «լուրջ» է տրամադրված ԱՄՆ-ի հետ վիճահարույց հարցերի շուրջ բանակցություններին։ Այս մասին հանգստյան օրերին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սա մեղմել է ներդրողների մտավախությունները՝ կապված Վաշինգտոնի կողմից Իրանին հարված հասցնելու հավանականության հետ։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 3,31 դոլարով (4,77%)՝ բարելի դիմաց հասնելով 66,01 դոլարի։ Ուրբաթ օրը Brent-ն էժանացել էր 0,27 դոլարով (0,39%)՝ մեկ բարելի համար հասնելով 69,32 դոլարի։

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսները էժանացել են 3,21 դոլարով (4,92%)՝ բարելի համար հասնելով 62 դոլարի։ Նախորդ սակարկությունների ժամանակ պայմանագրի գինը նվազել է 0,21 դոլարով (0,32%)՝ մեկ բարելի համար հասնելով 65,21 դոլարի։