Իրանն ու ԱՄՆ-ն պետք է համաձայնության հասնեն միջուկային ոլորտում, այլ ոչ թե հերթական հակամարտությունը հրահրեն Մերձավոր Արևելքում։ Այս մասին Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական, դոկտոր Մուհամմեդ Անվար Գարգաշը։ Այս մասին գրում է The National-ը։

«Կարծում եմ՝ տարածաշրջանն առանց այդ էլ աղետալի հակամարտություններ է ապրել։ Չեմ կարծում, որ մեզ ևս մեկն է պետք։ Սակայն մենք կցանկանայինք տեսնել իրանա-ամերիկյան ուղիղ բանակցություններ, որոնք կհանգեցնեն փոխըմբռնման»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ չլուծված հարցերը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, շարունակում են ապակայունացնել տարածաշրջանը։

Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է ենթադրություններ անել այն մասին, թե ինչ նկատառումներով է առաջնորդվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իրանի նկատմամբ ներկայիս քաղաքականությունը վարելով։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ X սոցիալական ցանցում գրել էր, որ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել իրավահավասար պայմաններով։

Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչին ուրբաթ օրը Ստամբուլում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը։

Իրանն ու ԱՄՆ-ն արդեն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ։ Վեցերորդ փուլը դեռևս չի կայացել, քանի որ 2025 թվականի հունիսին Իսրայելը, իսկ այնուհետև նաև ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանին։