Կաթնասունների բարձրագույն կարգի ներկայացուցիչները՝ պրիմատները, դրանց թվում՝ մարդիկ, չեն ապավինում թույնին՝ իրենց նպատակներին հասնելու համար. սովորաբար այդ խմբի անդամները ապավինում են բանականության և ուժի համադրությանը։ Սակայն, ըստ գիտնականների, կա մեկ ուշագրավ բացառություն՝ աշխարհի միակ թունավոր պրիմատը, որի գոյություն մասին հազիվ թե հնարավոր լիներ կասկածել, գրում է IFLScience-ը։
Դանդաղաշարժ լորին գիտությանը հայտնի միակ թունավոր պրիմատն է, ինչը նրան դասում է թունավոր կաթնասունների էլիտար ակումբում՝ բադակտուցի, որոշ գետնափորների, եվրոպական խլուրդի և մի քանի այլ կենդանատեսակների հետ միասին։
Հետազոտողների կարծիքով, դանդաղաշարժ լորին պատկանում է մի կարգի (Nycticebus), որը բաղկացած է մի քանի տեսակներից, որոնք սովորաբար բնակվում են Հարավարևելյան Ասիայի ծառերին, գրում է Фокус-ը։ Նրանք սովորաբար գիշերային կենսակերպ են վարում և իրենց մեծ աչքերն օգտագործում են մթության քողի տակ միջատներ և այլ կենդանիներ որսալու համար։ Նրանց չափը տատանվում է՝ կախված տեսակից, և սովորաբար հասնում է 20-38 սանտիմետր երկարության։
Դանդաղաշարժ լորիներն աներևակայելի գեղեցիկ տեսք ունեն, սակայն սպառնալիքի տակ նրանք կարող են նաև չափազանց տարածքային լինել, ինչը նրանց ստիպում է թունավոր կծել հակառակորդին։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հարձակվելուց առաջ այդ փոքրիկ պրիմատները լիզում են իրենց թևատակերը՝ բազկային գեղձից յուղոտ նյութ ստանալու համար։ Քիմիական նյութը թքի հետ միաձուլվելուց հետո այն հզոր թույնի է վերածում և լցնում նրանց ժանիքների ակոսները։ Այնուհետև դանդաղաշարժ լորին ներարկում է թույնը՝ բավականաչափ ուժեղ՝ ոսկորը ծակելու աստիճան կծելով իրեն սպառնացող հակառակորդին։
Ուշագրավ է, որ դանդաղաշարժ լորիները թույն են օգտագործում ոչ միայն գիշատիչների և որսի, այլև սեփական ցեղակցի դեմ։ 2020 թվականի հետազոտության մեջ գիտնականները բռնել են 82 ճավայական դանդաղաշարժ լորի և պարզել, որ մոտ 20%-ը այլ լորիներից հասցրած թարմ վերքեր ուներ։ Տեսակի ներսում թույնի նման մրցակցային օգտագործումը բացառիկ երևույթ է բոլոր կենդանիների շրջանում, որոնցից շատերն այն օգտագործում են այլ տեսակների դեմ հարձակվելու կամ պաշտպանվելու համար։
Ըստ հետազոտության առաջատար հեղինակ Աննա Նեկարիսի՝ ինքն ու իր գործընկերները պարզել են նաև, որ դանդաղաշարժ լորիները սեփական թույնն օգտագործում են նաև այլ տեսակների, ներառյալ՝ մարդկանց վնասելու համար։ Նրանց կծածը կարող է զարմանալիորեն ցավոտ լինել, սակայն ուժեղ ցավից բացի, վերքերը հակված են երկար ժամանակ չապաքինվել և հեշտությամբ կարող են ախտահարվել: Բացի դրանից, դանդաղաշարժ լորու խայթոցը կարող է հանգեցնել նյարդերի խաթարմանը, ինչպես նաև մաշկի բարդություններ առաջացնել, եթե ժամանակին չբուժվի: Ավելին, թույնի՝ անաֆիլակտիկ ցնցում առաջացնելու ունակության պատճառով դանդաղաշարժ լորին իր կծոցով ընդունակ է սպանել մարդուն:




























