Իրանական միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները կկայանան այն բանի շնորևհիվ, որ արաբական մի շարք երկրների առաջնորդներ համոզել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չչեղարկել դրանք։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նրանք խնդրեցին մեզ հանդիպում անցկացնել և լսել, թե ինչ է ուզում ասել Իրանը։ Մենք ասացինք արաբական երկրներին, որ համաձայն ենք հանդիպմանը, եթե նրանք պնդում են։ Սակայն մենք թերահավատորեն ենք տրամադրված», — հայտնել է ԱՄՆ-ում գտնվող աղբյուրը։
Axios-ի զրուցակիցների խոսքով՝ Մերձավոր Արևելքի առնվազն ինը երկիր հաղորդագրություններ են փոխանցել ԱՄՆ վարչակազմին՝ կոչ անելով Թրամփին չչեղարկել Օմանում կայանալիք հանդիպումը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հաստատել է, որ հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ Մասկատում։
Մինչ այդ Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ուրբաթ օրվա համար նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են չկայանալ, քանի որ Վաշինգտոնը հրաժարվել է հանդիպման վայրը Թուրքիայից տեղափոխել Օման։
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել ուրբաթ օրը Ստամբուլում՝ Մերձավոր Արևելքի դիտորդ երկրների ներկայությամբ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Սակայն երեքշաբթի օրը Թեհրանը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ նախընտրում է երկկողմ բանակցություններ անցկացնել Օմանում՝ կենտրոնանալով միջուկային ծրագրի վրա, այլ ոչ թե այլ հարցերի, ինչպիսին է իր հրթիռային ծրագիրը, հաղորդում է պարբերականը։





























