Իսրայելի իշխանությունները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն և Իրանը սպասվող ուղիղ բանակցությունների ընթացքում կարող են հանգել որոշակի համաձայնության, որը հաշվի չի առնի հրեական պետության շահերը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Al-Monitor պորտալը։

Ըստ հրապարակման տվյալների՝ երեքշաբթի օրը Իսրայել կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը փորձել է համոզել երկրի ղեկավարությանը, որ Վաշինգտոնը Իրանի հետ բանակցություններում հավատարիմ կմնա կոշտ գծին։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են պորտալի աղբյուրները Իսրայելի կառավարությունում, նրան չի հաջողվել փարատել երկրի ղեկավարության մտավախությունները։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ուիթքոֆին հորդորել է չհավատալ իրանական կողմին և մատնանշել է Թեհրանի նկատմամբ ուժային սցենարի նախապատվելիությունը։

Հրեական պետության ղեկավարությունը կարծում է, որ Վաշինգտոնը Իրանի հետ բանակցություններում կարող է կենտրոնանալ միայն միջուկային ծրագրի հարցի վրա և փակագծերից դուրս թողնել բալիստիկ հրթիռների թեման ու այն սպառնալիքները, որոնք Իսրայելի համար բխում են Թեհրանի հետ հարաբերություններում առկա դժվարություններից։ Բանակցությունների վայրի ընտրությունը՝ ի դեմս Օմանի, նույնպես տագնապեցրել է իսրայելական ղեկավարությանը, նշում է պորտալը, քանի որ հենց այնտեղ են ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպել իրանական կողմի հետ 2013 թվականին՝ միջուկային գործարքը քննարկելու համար։ Այն ժամանակ Վաշինգտոնը որոշեց Իսրայելին որևէ տեղեկություն չտալ բանակցությունների մասին, իսկ դրանց արդյունքները մեծ դժգոհություն առաջացրին հրեական պետության ղեկավարության շրջանում։

«Այս անգամ Իսրայելը ցանկանում է ներկա գտնվել հանդիպմանը, լինել իրադարձությունների կենտրոնում», - ընդգծել է պորտալի զրուցակիցը։