«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպում` ի պաշտպանություն Մաշտոցի պողոտայի մոտ գտնվող այգու, որը ցանկանում են «կրպակապատել»:
Նախաձեռնության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Երեւանի իշխանություններն առանց որեւէ օրինական փաստաթղթի բետոնապատում են մեր քաղաքի վերջին հանրային այգին: Միթե մենք չենք մեղավոր, որ ամեն անգամ լռում ենք: Այս քաղաքում այլեւս թթվածին արտադրող այգի չի մնացել:
Եթե համակարծիք եք, ապա միացեք մեզ շաբաթ օրը, ժամը 14.00-ին` պահանջելու, որ դադարեցվեն այգում իրականացվող ապօրինի շինարարությունները, որ վերջապես այգիները բարեկարգվեն ոչ թե սրճարանների եւ խանութների հաշվին, այլ կանաչի ավելացման հաշվին:
Մենք՝ հանրության ներկայացուցիչներս, իրավասու ենք այդ ամբողջ գործընթացն ապօրինի համարել, քանի որ նախապես որեւէ հանրային քննարկում չի կազմակերպվել եւ չի անցկացվել՝ տարածքի կառուցապատման մասին մարդկանց իրազեկելու նպատակով:
Ակնկալում ենք ձեր աջակցությունը` անկախ եղանակային պայմաններից: Այս պայքարը լինելու է որոշիչ մեր եւ մեր քաղաքի համար»:




























