Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ Իրանը կքննարկի միայն իր միջուկային ծրագիրը. այլ թեմաների վերաբերյալ ցանկացած ենթադրություն անհիմն է, հաղորդել է Tasnim-ը՝ հղում կատարելով բանակցային խմբի աղբյուրին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին փետրվարի 5-ին X սոցցանցում գրել է, որ Իրանը միջուկային բանակցությունների մեջ է մտնում ԱՄՆ-ի հետ «բարեխղճորեն, լիովին հաշվի առնելով անցյալի փորձը եւ վճռականորեն պաշտպանելով իր իրավունքները»։
Արաղչին ընդգծել է, որ Թեհրանի դիվանագիտական մոտեցումը ձեւավորվում է ինչպես բացության, այնպես էլ զգուշության հիման վրա։
«Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար կարգավիճակը, փոխադարձ հարգանքը եւ փոխադարձ օգուտը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն եւ երկարատեւ համաձայնագրի հիմք»,- ընդգծել է նախարարը։
Ուրբաթ Մասկատում տեղի են ունենում բանակցություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ: Իրանի պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը: ԱՄՆ պատվիրակության կազմում կլինի նաեւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ուժերի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը։
Ավելի վաղ, լրատվամիջոցների տվյալներով, ԱՄՆ-ը պնդել էր, որ բանակցությունները տեղի ունենան Ստամբուլում եւ, որ քննարկվեն այլ թեմաներ Իրանի միջուկային ծրագրից, մասնավորապես՝ հրթիռային ծրագրից բացի: Սակայն Իրանը մերժել է այս առաջարկները եւ պնդել բանակցությունները տեղափոխել Օման:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ սպառնացել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, եթե երկիրը փորձի վերստեղծել իր միջուկային ծրագիրը: Axios-ը փետրվարի 4-ին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ կկայանան այն բանի շնորհիվ, որ մի քանի արաբ առաջնորդներ Թրամփին համոզել են չչեղարկել դրանք, չնայած Միացյալ Նահանգները շարունակում է թերահավատ մնալ։
Թեհրանն ու Վաշինգտոնն արդեն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ: Վեցերորդ փուլը դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ Իսրայելը, այնուհետեւ Միացյալ Նահանգները, 2025թ․ հունիսին հարվածներ են հասցրել Իրանին:





























