Հայաստանի վարչապետ, ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ պատվիրակությունն այսօր` փետրվարի 11-ին, Ստեփանավան քաղաքի մշակույթի տանը հանդիպում է ունեցել քաղաքի բնակիչների հետ, որը կրել է նախընտրական բնույթ:
Ինչպես Ստեփանավանից հայտնում է NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը, հանդիպմանը Տ. Սարգսյանը խոսել է ՀՀԿ կողմից նախորդ 5 տարիներին կատարած աշխատանքի, ներկա նախընտրական ծրագրերի ու առաջիկա 5 տարիների համար ՀՀԿ-ի անելիքների մասին:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում կատարվող բարեփոխումներին, վարչապետը նշել է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղացին ունի բերքի մթերման լուրջ խնդիր, որը լուծելու համար պետք է կատարվեն արմատական փոփոխություններ: Նրա խոսքով, առաջին հերթին իրենք պետք է պայմաններ ստեղծեն, որպեսզի գյուղացին մշակի իր հողը եւ բերքի մթերման ժամանակ խնդիրներ չունենա, քանի որ հենց դա է լրջորեն խոչընդոտում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:
«Մեր բոլոր նախընտրական ծրագրերն ուղղված են լինելու հասարակ քաղաքացուն, որպեսզի ամեն մարդ զգա, որ իր կյանքը բարելավվում է եւ պետությունն իրենց համար բացում է հեռանկարային դռներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա առաջիկա տարիներին ստեղծվելու են նոր աշխատատեղեր, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական քաղաքականության մեջ դա կարեւոր խնդիր է:
Նշենք, որ հանդիպմանը ներկա են ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Ֆինանսների, արդարադատության նախարարները, նաեւ Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը:




























