Մերձավորարեւելյան դիվանագետները կարծում են, որ ԱՄՆ-ը եւ Իրանը գալիք բանակցություններում հազիվ թե որեւէ հարց համաձայնեցնեն՝ միջուկայինից բացի։ Այս մասին տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը։

Նրա տվյալներով՝ հանդիպումը կդառնա առաջին առերես բանակցային հարթակը կողմերի միջեւ 2025թ․ հունիսի հակամարտությունից հետո։ Ընդգծվել է, որ տարածաշրջանային պաշտոնատար անձինք նշում են միջուկային թեմատիկայից դուրս Վաշինգտոնի պահանջների հարցում լուծումներ գտնելու բարդությունը։

Թերթը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին առաջադրել է երեք պահանջ՝ միջուկային ծրագրի դադարեցում, բալիստիկ հրթիռների զինանոցի կրճատում եւ հրաժարում տարածաշրջանում ռազմականացված խմբավորումներին աջակցելուց։ Ընդ որում, դիվանագետների տեղեկացմամբ, Իրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցում՝ համարելով այն Իսրայելից պաշտպանվելու առանցքը։ Փորձագետները նաեւ նշում են ստուգման արդյունավետ մեխանիզմների բացակայությունն այն հարցում, թե արդյոք Իրանը ֆինանսավորում է որեւէ խմբավորման, նշվել է հրապարակման մեջ։

«Գործարք կարելի է կնքել, բայց այն բավական սահմանափակ կլինի եւ մեծ չի լինի։ Ես կարծում եմ, որ անգամ նման գործարքի հնարավորությունը համեմատաբար փոքր է»,- NYT-ը մեջբերել է Միջազգային հարաբերությունների Ժնեւի ինստիտուտի ներկայացուցիչ Ֆարզան Սաբետի խոսքերը։

ԱՄՆ-ը եւ Իրանը փետրվարի 6-ին Օմանում բանակցում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։