Եվրոպական կառավարությունները հետ են մնում այլ երկրներից՝ արհեստական բանականությունը (ԱԲ) պետական ծառայությունների համակարգում ներդնելու հարցում։

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան դժվարանում են ԱԲ-ի ոլորտում ունեցած իրենց հավակնոտ ծրագրերը վերածել գործնական գործիքների պետական ծառայողների համար, նշվում է այսօր հրապարակված Public Sector AI Adoption Index 2026 զեկույցում, տեղեկացնում է Euronews-ը։

Հետազոտությունը, որը Google-ի աջակցությամբ պատրաստել է Public First-ը՝ Center for Data Innovation-ի համար, ցույց է տալիս, որ ԱԲ-ի գլոբալ արագացված ներդրման ֆոնին եվրոպական երկրները որդեգրել են ավելի զգուշավոր, ռիսկերի նվազեցմանն ուղղված մոտեցում։ Արդյունքում՝ շատ պետական ծառայողներ դեռևս չունեն հասանելիություն այն տեխնոլոգիաներին, որոնք արդեն փոխում են պետական կառույցների աշխատանքը այլ տարածաշրջաններում։

Թվերը խոսուն են․ այսօր աշխարհում պետական ծառայողների 74 %-ն արդեն օգտագործում է ԱԲ տեխնոլոգիաներ, իսկ 80 %-ը կարծում է, որ դրանք օգնում են իրենց աշխատանքում։ Սակայն միայն 18 %-ն է վստահ, որ իրենց կառավարությունները արդյունավետ են կիրառում ԱԲ-ն։

Հետազոտությունը հիմնված է 10 երկրի 3335 պետական ծառայողների հարցման վրա՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Սինգապուրը և Սաուդյան Արաբիան։

Այս երկրների շարքում Ֆրանսիան զբաղեցրել է վերջին տեղը․ 74 % ֆրանսիացի պետական ծառայողներ նշել են, որ ԱԲ-ն ի վիճակի չէ կատարել իրենց որևէ աշխատանքային առաջադրանք, իսկ մոտ 45 %-ը հայտնել է, որ ընդհանրապես չի օգտագործում նման տեխնոլոգիաներ։

Միայն 27 % ֆրանսիացի աշխատակիցներ նշել են, որ իրենց կազմակերպությունները ներդրում են կատարում ԱԲ գործիքների մեջ, և շատերը ընդգծել են, որ ղեկավարությունը տալիս է մշուշոտ ցուցումներ դրանց կիրառման վերաբերյալ։