Իրանը չի պլանավորել փոխել ԱՄՆ-ի հետ իր միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների հաջորդ փուլերի ձևաչափը. խորհրդակցությունները կշարունակվեն անուղղակի ձևաչափով: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Առայժմ բանակցությունների ձևաչափը փոխելու պլաններ չկան: Այսինքն՝ ապագայում բանակցությունները կշարունակվեն նույն տեսքով, ինչպես այս փուլում են», - մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Բաղային:
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ Օմանի մայրաքաղաքում: Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, իսկ ամերիկյանը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:





























