ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը «հիմարություն կաներ, եթե գործարք չկնքեր ԱՄՆ-ի հետ»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ցանկացած գործարք չպետք է ներառի «ոչ մի միջուկային զենք, ոչ մի հրթիռ»:

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են գործարք կնքել: Կարծում եմ՝ հիմարություն կլիներ, եթե նրանք դա չանեին: Անցյալ անգամ մենք շարքից հանեցինք նրանց միջուկային էներգետիկան և պետք է տեսնենք՝ արդյոք այս անգամ ավելին շարքից կհանենք», - ասել է Թրամփը Fox Business Network հեռուստաալիքի «Քադլոու» ծրագրին տված հարցազրույցում:

Թեհրանը անցյալ շաբաթ Օմանում վերսկսել է Վաշինգտոնի հետ բանակցությունները: Թրամփը, ով նախորդ տարվա հունիսին՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ, հրամայել էր հարվածներ հասցնել Թեհրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ ցանկացած ապագա գործարք պետք է լինի «լավը»:

Երբ նրան հարցրել են՝ արդյոք նա հավատում է, որ ներկայիս վարչակարգի պայմաններում Թեհրանի հետ որևէ գործարք երբևէ իրականում կկնքվի, Թրամփն ասել է. «Գիտեք, դա լավ հարց է: Շատերն ասում են՝ «ոչ»: Եվ ես կասեի, որ կնախընտրեի կնքել մի գործարք, որը շահավետ կլինի: Ոչ մի միջուկային զենք, ոչ մի հրթիռ, ոչ այս, ոչ այն: Այն ամենը, ինչ դուք ուզում եք: Բայց որոշ մարդիկ անհանգստանում են այն բանի համար, որ նրանք տարիներ շարունակ շատ անազնիվ են եղել մեր նկատմամբ, շատ անազնիվ»: