Գլխավոր դատախազությունն արդեն չորս տարի է՝ ոչ տեղին, քննության ոչ ենթակա գործերով և անհիմն հայցերով ծանրաբեռնում է ՀՀ վարչական դատարանը՝ արհեստականորեն նպաստելով դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումներին:
NEWS.am-ը, ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված վարչական գործերը, պարզեց, որ 2022 թվականից մինչ օրս ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 575 հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի, ավագանու, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ղեկավարների, ավագանիների դեմ՝ տարբեր տարիների կայացված որոշումների առ ոչինչ լինելը ճանաչելու և հետևանքներն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումները վերացնելու և այլ պահանջներով: Խոսքը վերաբերում է «ապօրինի ծագում ունեցող» խնդրահարույց գույքերի հետ կապված նախկին, երբեմն տասնյակ տարիներ առաջ կայացված որոշումներին:
Այս ընթացքում միայն Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի և ավագանու դեմ ներկայացվել է ավելի քան 140, Աբովյան համայնքի ղեկավարի, Աբովյան համայնքի ավագանու և համայնքապետարանի դեմ՝ ավելի քան 70, Գյումրու քաղաքապետարանի դեմ՝ շուրջ 30, Վանաձոր համայնքի ղեկավարի, համայնքապետարանի դեմ՝ 18, Չարենցավան համայնքի ղեկավարի դեմ՝ 15 հայց:
Դատական գործերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 200-ից ավելի հայցադիմումներ պարզապես վարույթ չեն ընդունվել, իսկ վարույթ չընդունելու վերաբերյալ միջանկյալ դատական ակտերի հետ կապված դատախազության բողոքները մերժվել են («հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ) Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում: Տասնյակ գործերով դատարաններն արձանագրել են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի կարող հանդիսանալ իրավասու պետական մարմին՝ դատական պաշտպանության դիմելու համար, հետևաբար հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող մարմինը, կամ էլ ՀՀ գլխավոր դատախազության մոտ չի ծագել հայց հարուցելու բացառիկ դեպք:
Բազմաթիվ են դեպքերը, երբ վարույթ ընդունելուց հետո գործերը կարճվել են հիմնական պահանջների անհիմն լինելու հիմքով: Առաջին ատյանի դատարանում դատախազությունը պարտվել է 100-ից ավելի գործերով: Ընդամենը մի քանի գործ է ավարտվել հաշտության համաձայնությամբ և կարճվել: Խոսքը վերաբերում է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ-ին պատկանող գույքերին, որոնք հաշտության համաձայնության արդյունքում վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը: Կան նաև գործեր, որոնք երեք տարի քննելուց հետո վերստին ուղարկվել են առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, իսկ արդեն 2023 թվականից սկսած՝ վարչական դատարանում քննվող գործերի մի մասը հանձնվել է հակակոռուպցիոն դատարանի քննությանը՝ հաշվի առնելով, որ օրենսդիրը հակակոռուպցիոն դատարանի ենթակայությանն է վերապահել պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանն ուղղված դատախազի կողմից ներկայացված հայցերի քննությունը։
Ամենաթարմ վճիռը, որով դատախազությունը հերթական անգամ պարտվել է դատարանում, կայացվել է ընդամենն օրեր առաջ՝ 2026 թվականի փետրվարի 6-ին: Մասնավորապես, ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Ծատուրյանի, վճռել է ամբողջությամբ մերժել Երևան քաղաքի դատախազության հայցն ընդդեմ Երևան համայնքի ավագանու (երրորդ անձինք՝ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերություն, ՀՀ կադաստրի կոմիտե): Դատախազությունը պահանջում էր ճանաչել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու 2006 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 99 որոշման առ ոչինչ լինելը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել դրանից հետո տարբեր տարիներին կնքված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի գրանցումները, ինչպես նաև 2024 թ. հունիսի 4-ին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին 0.296347 հա հողատարածքի և 28696.1 քմ նախագծային մակերեսով կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նկատմամբ կառուցապատողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տրված վկայականը:
Դատարանն իր վճռում արձանագրել է, որ հայցվորի կողմից վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի հիմքում դրված հիմնավորումները ոչ թե վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու, այլ անվավեր ճանաչելու հիմքեր են, քանի որ տվյալ դեպքում վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում:
«Օրենսդրի կողմից նման տարանջատումը ինքնանպատակ չէ և նախ և առաջ ուղղված է անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, քանզի տարանջատված են ոչ միայն անվավերության և առ ոչինչ ճանաչելու պահանջով դատարան դիմելու տարբեր հայցատեսակներ (օրինակ՝ վիճարկման, ճանաչման), այլ նաև նույն հայցատեսակների համար սահմանված են դատարան դիմելու իրավունքի իրականացման տարբեր դատավարական ժամկետներ: Իսկ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում Դատարանը չի կարող անդրադառնալ հայցվորի կողմից վկայակոչված անվավերության հիմքերին, քանի որ Դատարանը գործը քննում և լուծում է միայն հայցի հիման վրա և միմիայն հայցի շրջանակներում»,- նշված է դատարանի փաստական և իրավական հիմնավորումներում:
Մեկ ամիս առաջ էլ՝ 2026 թվականի հունվարի 7-ին, ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ Տիգրան Սանթրոսյանի, մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Աբովյան համայնքի ավագանու և Աբովյան համայնքի ղեկավարի՝ Աբովյանի քաղաքապետի 01.04.2010 թվականի համապատասխան որոշումները մասնակի առ ոչինչ լինելը ճանաչելու և դրա հիման վրա սեփականության իրավունքի գրանցումը վերացնելու պահանջների մասին՝ արձանագրելով, որ բացակայում են վիճարկվող ակտերն առ ոչինչ ճանաչելու հիմքերը:
Այս և այլ վճիռներն ու միջանկյալ դատական ակտերը, բնականաբար, դատախազությունը կբողոքարկի վերադասության կարգով՝ այդպիսով շարունակելով ծանրաբեռնել վարչական դատարանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանում դատարան դիմելու պետական տուրքերը բարձրացվեցին մինչև 10 անգամ՝ նպատակ ունենալով կանխել անհիմն հայցերը, փոխարենը ստեղծելով դատարանների մատչելիության սահմանափակումներ։ Իսկ դատախազության կողմից անհիմն հայցերով վարչական դատարանը ծանրաբեռնելու խնդիրը, այսօր կարծես թե չի հուզում ո՛չ օրենսդրին և ո՛չ էլ դատական իշխանությանը:
Ի դեպ, պարզվում է՝ դատախազությունում վիճակագրություն չեն վարում իրենց իսկ կողմից ներկայացված հայցերի վերաբերյալ, հետևաբար կարելի է ենթադրել, որ չեն վերլուծվում և վեր չեն հանվում այն հիմնական խնդիրները, որոնց բախվում է դատախազությունը դատական ատյաններում:
NEWS.am-ը դեռևս փետրվարի 2-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընդունած որոշումների, այդ թվում՝ համայնքների նախկին ղեկավարների իրականացրած հողի և անշարժ գույքի աճուրդները և աճուրդային առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով 2022 թ. մինչ օրս քանի՞ հայցադիմում է ներկայացվել վարչական դատարան (խնդրում եմ հայտնել ըստ տարիների՝ առանձին-առանձին): Ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե ներկայացված հայցադիմումներից քանի՞սն են ընդունվել վարույթ, քանի՞սը վերադարձվել, ինչպես նաև վարույթ ընդունված հայցադիմումներից քանի՞սն են բավարարվել, քանի՞սը՝ մերժվել, քանի՞ հայց կա դեռևս քննության փուլում:
Ի պատասխան՝ դատախազությունից հայտնել են, որ նշված հարցերի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում:
Հույս ունենք՝ NEWS.am-ի իրականացրած ուսումնասիրությունն ու բաց աղբյուրների հիման վրա ստացված վիճակագրական տվյալները կօգնեն դատախազությանը որոշակի եզրահանգումներ անել, իսկ հանրությանը՝ տեսնել «ապօրինի ծագում ունեցող գույքերի վերադարձման» հակառակ կողմը և պատկերացում կազմել «հետ բերված թալանի» իրական մասշտաբների մասին:





























