Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն պահանջել է հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ արձակուրդում գտնվող ֆրանսիացի դիվանագետի անունը հայտնվել է դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնին ուղղված բազմաթիվ էլեկտրոնային նամակներում, հայտնում է AFP-ն:
«Ես ցնցված էի»,- չորեքշաբթի հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
Երեքշաբթի ուշ երեկոյան հրապարակված հաղորդագրության մեջ նա նշել է, որ Ֆաբրիս Էյդանի դեմ ուղղված մեղադրանքները փոխանցում է պետական դատախազին և սկսում է ներքին հետաքննություն:
Նախարարությունը Էյդանին նկարագրել է որպես «արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, ով արձակուրդում է գտնվում անձնական պատճառներով և պաշտոններ է զբաղեցնում մասնավոր հատվածում»:
Նյու Յորքի հեղինակազրկված ֆինանսիստի գործով հրապարակված նյութերում սոսկ հիշատակվելը դեռևս չի ենթադրում իրավախախտում։ Հիշեցնենք, որ Էփշտեյնը ինքնասպան է եղել բանտում 2019 թվականին՝ անչափահաս աղջիկների սեռական թրաֆիքինգի մեղադրանքով։
Սակայն ֆրանսիական լրատվամիջոցները, փաստաթղթերում հայտնաբերելով նրա անունը, հայտնել են, որ նա 2010-ից 2017 թվականներին էլեկտրոնային նամակագրություն է ունեցել Էփշտեյնի հետ։ Mediapart հետաքննական կայքը երեքշաբթի ուշ երեկոյան տեղեկացրել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ֆիքսել է Էյդանին այն բանի համար, որ նա երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ կայքեր է այցելել, երբ 2006-ից 2013 թվականներին աշխատում էր Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպությունում։ Դա հանգեցրել է ներքին հետաքննության և նրա հրաժարականին։
Այդ ժամանակ Էյդանը նորվեգացի Տերյե Ռոդ-Լարսենի խորհրդականն էր, ում նկատմամբ նորվեգական ոստիկանությունը երկուշաբթի հայտարարել է, որ հետաքննություն է իրականացնում՝ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով։ Mediapart-ը նաև հայտնել է, որ Էյդանը ՄԱԿ-ի փաստաթղթեր ու զեկույցներ է ուղարկել Էփշտեյնին։
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում աշխատելուց հետո Էյդանն անցել էր աշխատանքի ՄԱԿ-ի մշակութային գործակալությունում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Engie էներգետիկ խումբը, որտեղ նա աշխատում էր վերջին շրջանում, AFP գործակալությանը հայտնել է, որ ազատել է նրան աշխատանքից։





























