Ռումինիան կարող է ներկայացված լինել փետրվարի 19-ին կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստին միայն այն դեպքում, եթե այդ ձևաչափում ներառվեն նաև այն երկրները, որոնք չեն ստորագրել կանոնադրությունը։ Այս մասին հայտնել է «Agerpres» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես նշել է զրուցակիցներից մեկը. «Ռումինիան հետաձգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծվող Խաղաղության խորհրդին միանալու փաստաթղթերի ստորագրումը»։

Փետրվարի 8-ին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտնել է, որ հրավեր է ստացել փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցելու համար՝ հստակեցնելով, որ պատասխանը կտրվի ամերիկյան գործընկերների հետ խորհրդակցություններից հետո։

Հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում 19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղ կարգավորման շրջանակներում։ Վաշինգտոնում հայտարարել են, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գազան կառավարելու համար, սակայն ենթադրվում է, որ այն կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և կարգավորմամբ։