Ժնևում ընթացող իրանա-ամերիկյան բանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և հակաիրանական պատժամիջոցների չեղարկման հարցերի վրա։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Ըստ այդ տվյալների՝ ամերիկյան կողմի հետ հանդիպմանը իրանցի դիվանագետները պնդում են Իսլամական Հանրապետությունում ուրանի հարստացման ծրագրի պահպանման վրա, որը Վաշինգտոնը պահանջում է դադարեցնել։

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն անցկացվում է Ժնևում Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Իրանական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին, իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարին, ինչպես նաև «տեխնիկական, իրավական և տնտեսական հարցերով փորձագետներ»։