Ընտրական իրավունքի բացահայտ ու աղաղակող խախտումներով տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ քրեաօլիգարխիկ վարչախմբի վերջնական նպատակը Հայաստանում ամբողջատիրության հաստատումն է: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Սարդարապատ» շարժումը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Այդ նպատակի մասնակի իրականացման մասին է վկայում նաեւ նույն օրը Հայաստանի 39 համայնքների մի զգալի մասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեկական թեկնածուներով անցկացնելու փաստը: Օգտվելով ազգային պետություն կառուցելուն միտված այլընտրանքային քաղաքական մշակույթի եւ ռեալ դիմադրության բացակայությունից, վարչախումբը հետեւողականորեն ու մեթոդաբար մեզ վերադարձնում է խորհրդային ամբողջատիրական քաղաքական մշակույթի ճահիճը:
Վարչախումբը լիակատար վերահսկողություն է հաստատել առկա քաղաքական համակարգի վրա, իսկ ընտրությունները վերածել է իր վերարտադրության անխափան մեխանիզմի: Նույնիսկ մեկ առանձին վերցրած համայնքում` ընդդիմության գրեթե ամբողջ ներուժի մոբիլիզացման եւ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի բացառիկ հեղինակության ու առավելագույն թվով կողմնակիցներ ունենալու պարագայում հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ կատարելության հասցված ընտրակեղծիքների մեքենան անհաղթահարելի է:
Ընտրողներին քաղաքականապես հասուն չլինելու եւ ընտրակեղծիքների գործիք դառնալու մեջ մեղադրելը քաղաքական մանկամտություն է: Խորհրդային ամբողջատիրական քաղաքական մշակույթից դեռեւս լիովին չկտրված ընտրողի տեսադաշտը փակվել է այդ մշակույթի վերարտադրվող տարատեսակով, ուստի նա չի կարող տեսնել իրավիճակը հաղթահարելու իրատեսական լուծումներ: Տիրապետող քաղաքական մշակույթի տիրույթում հայտնի գործելակերպերը` ընտրություններին մասնակցելը կամ դասական իմաստով դրանք բոյկոտելը, արդյունք չեն տալիս:
Նշված քաղաքական-մշակութային փակուղուց դուրս գալու ճանապարհը քաղաքական ստեղծագործության միջոցով ժողովրդավարական այլընտրանքային քաղաքական մշակույթի ու համակարգի ձեւավորման միջավայրի ստեղծումն է:
Առաջարկում ենք.
1. մերժել իշխանությունը յուրացրած բռնապետական վարչախմբի խաղի կանոնները եւ այլեւս չմասնակցելով նրա վերարտադրության մեխանիզմի վերածված կեղծ ընտրություններին` խափանել տիրապետող քաղաքական մշակույթի եւ համակարգի սնուցումը ու վարչախմբի լեգիտիմացումը,
2. միասնական ջանքերի գործադրմամբ ձեռնամուխ լինել ժողովրդի իրական ցանկություններն ու նպատակներն արտացոլող զուգահեռ իշխանական մարմինների սաղմերի ձեւավորման միջավայրի (այլընտրանքային նախախորհրդարան) ստեղծմանը,
3. հետեւողականորեն համապատասխան ներուժ ու ռեսուրս կուտակելով (համախոհների համախմբում, ազգային պետության կառուցման հայեցակարգային-ռազմավարական հիմնադրույթների մշակում, ապագա իշխանության հիմնական մարմինների ձեւավորման մեխանիզմների հստակեցում եւ այլն) ստեղծել իրական լեգիտիմությամբ օժտված այլընտրանքային իշխանության հիմնական մարմինների համակարգ,
4. լեգիտիմ ու իրական իշխանության մարմինների համակարգի կայացմանը զուգընթաց բոլոր հնարավոր ձեւերով նվազարկել ու չեզոքացնել վարչախմբի ներուժն ու ռեսուրսը` հասնելով ժողովրդի իշխանությամբ նրա վերջնական փոխարինմանը»:




























