Բելառուսի «БЕЛЭКСПО» ցուցահանդեսային ազգային կենտրոնում, փետրվարի 8-12-ին, տեղի է ունեցել գրքի 19-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ավանդաբար ներկայացվում են Հայաստանում հրատարակված գրքեր, ամսագրեր, ալբոմներ եւ այլ տպագիր նյութեր:
Հայկական տաղավարի շնորհանդեսը կայացել է փետրվարի 11-ին, որտեղ ներկայացված էր ՀՀ-ում տպագրված 600-ից ավելի ցուցանմուշ: Ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, բելառուս բանաստեղծ Դրանկո-Մաիսյուկը: Ցուցահանդեսի մասնակիցներին եւ այցելուներին հանդիսությունների դահլիճում ներկայացվել է հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ նկարահանված ֆիլմ: Բելառուսի հայազգի երեխաներին ներկայացվել է մանկական պատկերազարդ գրականություն:
Կայացել է հանդիպում Բելառուսում գտնվող «Անիվ» հայկական ամսագրի խմբագրատան աշխատակիցների հետ: Կազմակերպվել են շնորհանդեսներ, կլոր սեղաններ, կայացել են երկխոսություններ, ձեռք են բերվել ստեղծագործական նոր կապեր եւ գործնական պայմանավորվածություններ:
Հայ համայնքին ներկայացվել է նաեւ «Լիտոպեդիա» հայերեն էլեկտրոնային բանասիրության հանրագիտարանը, որը պարունակում է գրականությանը եւ լեզվին վերաբերող բազմաբովանդակ տեղեկություններ:
Այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի կողմից ավանդական եղանակով թղթի պատրաստումը, ճնշման միջոցով հայկական խաչքարերի, այբուբենների եւ տեքստերի տպագրությունը, ինչպես նաեւ հինավուրց եղանակով կավե սալիկների վրա խորաքանդակների պատրաստումը:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:




























