Վուլոնգոնգի համալսարանի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ կլիմայի փոփոխությունը կարող է կարեւոր դեր խաղացած լինել Homo floresiensis-ի՝ որպես «հոբիթ» հայտնի ցածրահասակ մարդու ոչնչացման գործում: Հետազոտությունը հրապարակվել է Communications Earth & Environment (CEE) ամսագրում:

Homo floresiensis-ը բնակվել է Ինդոնեզիայի Ֆլորես կղզում եւ հայտնաբերվել է 2003թ․ Լիանգ Բուա քարանձավում: Հնագետների կարծիքով՝ այս տեսակընայնտեղ գոյություն է ունեցել մոտ 140 հազար տարի, բայց անհետացել է մոտ 50 հազար տարի առաջ: Ոչնչացման պատճառները երկար ժամանակ մնում էին անհասկանալի:

Այդ ժամանակաշրջանի կլիման վերականգնելու համար գիտնականները վերլուծել են քարանձավի ստալագմիտներում պահպանված քիմիական ազդանշանները, ինչպես նաեւ «հոբիթների» հիմնական որսի՝ գաճաճ ստեգոդոնի (Stegodon florensis insularis) բրածո մնացորդների ատամի էմալի իզոտոպային կազմը:

Արդյունքները ցույց են տվել, որ աստիճանական անցումն ավելի չոր կլիմայի սկսվել է մոտ 76 հազար տարի առաջ, որը 61-55 հազար տարի առաջ վերաճել է երկարատեւ եւ վառ արտահայտված երաշտի։ Այդ ժամանակահատվածը համընկնում է Homo floresiensis-ի ոչնչացման հետ։

«Լիանգ Բուայի շրջակայքի էկոհամակարգը զգալիորեն ավելի չորային է դարձել Homo floresiensis-ի ոչնչացման շրջանում։ Ամառային տեղումները նվազել են, գետերի հուներն սկսել են չորանալ՝ սթրեսի մատնելով ինչպես «հոբիթներին», այնպես էլ նրանց որսին»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, Վուլոնգոնգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Մայք Գագանը։

Ջրի կաթիլներից առաջացած ստալագմիտները ծառայում են որպես տեղումների արխիվ։ Դրանց վերլուծությունը թույլ է տվել վերականգնել հին տեղումների դինամիկան։ Միեւնույն ժամանակ, ստեգոդոնի ատամներից վերցված իզոտոպային տվյալները ցույց են տվել, որ այդ կենդանիները կախված էին գետի ջրից, որի հասանելիությունը կտրուկ նվազել էր։

Մոտ 61 հազար տարի առաջ գաճաճ փղերի պոպուլյացիան սկսել է արագ նվազել: Քանի որ նրանք կազմում էին Homo floresiensis-ի սննդակարգի կարեւոր մասը, պոպուլյացիայի նվազումը մեծացրել է ճնշումը հնագույն մարդկանց վրա։

«Մակերեսային քաղցրահամ ջրի աղբյուրները, ստեգոդոնները եւ Homo floresiensis-ը միաժամանակ սկսել են նվազել, ինչը ցույց է տվել շրջակա միջավայրի սթրեսի կուտակային հետեւանքները: Նվազող ռեսուրսների համար մրցակցությունը, հավանաբար, ստիպել է «հոբիթներին» լքել Լիանգ Բուան»,- նշել է հետազոտության համահեղինակ Գերտ վան դեն Բերգը։

Հետազոտողները նաեւ չեն բացառում, որ ջուր եւ սնունդ փնտրելիս Homo floresiensis-ը կարող էր հանդիպել Homo sapiens-ի ներկայացուցիչների հետ, որոնք այդ ժամանակ արդեն տարածվում էին Ինդոնեզիայի կղզեխմբում։

«Կլիմայի փոփոխությունը, հնարավոր է, ստեղծել է այն պայմանները, որոնց ներքո տեղի է ունեցել շփումը ժամանակակից մարդկանց հետ: Այս առումով երաշտը կարող էր լինել նրանց վերջնական անհետացման ֆոնը»,- ավելացրել է Գագանը։