Ավելի քան 180 տարի անց առաջին անգամ Գալապագոսյան Ֆլորեանա (Սանտա Մարիա) կղզում հայտնվել են հսկա կրիաները, գրել է The Guardian-ը։

Ինչպես նշել է թերթը, փղանման կամ գալապագոսյան կրիան բնաջնջվել է 1840-ական թթ․։ Կետորսները կղզուց տարել են հազարավոր առանձնյակներ, որպեսզի իրենց ապահովեն ուտելիքով որսորդական արշավների ժամանակ։ Կրիաների այդ տեսակը լիովին չի անհետացել, որովհետեւ որոշ առանձնյակներ ծովագնացները թողել են Վոլֆ հրաբխի մոտ, Գալապագոս կղզեխմբի հյուսիսում, որ պահպանվեն, կամ դուրս են նետել նավերից՝ ավելորդ բեռից ազատվելու համար։

Հոդվածում ընդգծվել է, որ կրիաներին կղզի վերադարձնել հաջողվել է բնապահպանական վերականգնման շրջանակում։ Դրան մասնակցել են տեղի ազգային պարկը, բարեգործական կազմակերրպություններ եւ 160 տեղաբնակներ։ 2017թ․ սկսվել է  անազատության մեջ կրիաների պոպուլյացիայի վերականգնման ծրագրի իրականացումը։ Նրա համար ընտրել են 23 կրիաներ, որոնք ամենամոտն են եղել նրանց, որոնք սկզբում բնակվել են կղզում։ 2025թ․ նրանք ունեցել են ավելի քան 600 ձագեր, մի քանի հարյուրը բավական մեծ են եղել, որպեսզի նրանց հնարավոր լինի վերադարձնել իրենց բնօրրան հանդիսացող կղզի։ Թերթի տվյալներով՝ խոսքը 158 առանձնյակի մասին է։

Հոդվածի համաձայն՝ փղանման կրիաները տարածում են սերմեր, ձեւավորում կղզու բուսականությունը՝ բնակության միկրոմիջավայր ստեղծելով, ազդում են լանդշաֆտի վիճակի վրա եւ օգնում վերականգնել էկոլոգիական պրոցեսները, որոնցից կախված են այլ տեսակները։