Թաիլանդը պայքարում է կատվային վիրուսի բռնկման դեմ, որը Չիանգմայ հյուսիսային նահանգի զբոսաշրջային այգիներում սպանել է առնվազն 72 վագրի, գրել է The Independent-ը։
Հոդվածում նշվել է, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է մասնավոր արգելոցներում, որտեղ այցելուները կարող են սերտորեն շփվել գիշատիչների հետ։ Նախնական թեստերը ցույց են տվել, որ կենդանիները կատվային ժանտախտ են ունեցել։
«Վագրերը մարդկանց հետ սերտ շփման մեջ չեն ապրում։ Մինչ մենք կնկատեինք, որ ինչ-որ բան այն չէ, հիվանդությունը կարող էր արդեն զարգացած լինել»,- ասել է Թաիլանդի անասնաբուծության վարչության ղեկավար Սոմչուան Ռատանամունգկլանոնը։
Գերատեսչությունում հնարավոր են համարել, որ վագրերի իմունային համակարգը թուլացել է գերության մեջ, քանի որ նրանք զուգավորվել են բացառապես միմյանց հետ։ Սա կարող էր նրանց ավելի զգայուն դարձնել վիրուսի եւ հիվանդության ավելի արագ զարգացման նկատմամբ։
Երկրի իշխանությունները երկու շաբաթով փակել են այգիները, սահմանափակել են արգելոցների մուտքը եւ կազմակերպել են վանդակների եւ սարքավորումների ախտահանումը։ Հոդվածում նշվել է, որ կենդանի մնացած բոլոր վագրերի համար կարանտին է մտցվել։
Մինչ այդ H5N1 թռչնագրիպն առաջին անգամ հայտնաբերվել է Ադելի պինգվինների մոտ Հերդ կղզում, որն Ավստրալիայի ամենահեռավոր տարածքներից մեկն է Հնդկական օվկիանոսի հարավում։ Այն հայտնաբերվել է նաեւ ծովափոկերի եւ պապուանյան պինգվինների մոտ։ Վարակը հաստատվել է Ավստրալիայի անտարկտիկական ծրագրի արշավախմբի հավաքած նմուշների լաբորատոր հետազոտություններով։





























