ԱՄՆ զինված ուժերը տարածաշրջանում կուտակել են հզոր զորակազմ, ներառյալ՝ երկու ավիակիր հարվածային խմբեր և տասնյակ լրացուցիչ ինքնաթիռներ՝ ամերիկյան օդուժի խոշորագույն կենտրոնացումը 2003 թվականի Իրաք ներխուժումից ի վեր։ Բոլոր նշանները վկայում են Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին։ Սակայն պատճառները մնում են անհասկանալի. նախագահ Դոնալդ Թրամփը չի պարզաբանել, թե ինչու կամ ինչի է ուզում հասնել՝ թողնելով, որ աշխարհը ենթադրություններ անի, գրում է Washington Post-ը։
«Հնարավոր հարվածի սկզբնական պատրվակը հունվարի սկզբին Իրանում ցուցարարների դեմ ճնշումն էր։. «Իրանցի հայրենասերներ, ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ, ԳՐԱՎԵՔ ՁԵՐ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ!!! ... ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է»,-հունվարի 13-ին Truth Social-ում գրել էր Թրամփը: Ամսվա վերջին բողոքի ցույցերը ճնշվել էին մեծ թվով զոհերի պատճառով, և ԱՄՆ-ը պարզապես չուներ միջամտելու համար անհրաժեշտ ուժերը. Gerald R. Ford հարվածային խումբն ուղարկվել էր Կարիբյան ավազան՝ Նիկոլաս Մադուրոյի դեմ գործողության համար։
Սակայն Թրամփը փոխեց իր պատճառաբանությունը. հունվարի 28-ին նա հայտարարեց, որ ռազմական ճնշման նպատակը պետք է լինի Իրանին ստիպել բանակցել իր միջուկային ծրագիրը դադարեցման շուրջ՝ այն նույն ծրագիրը, որն, ինչպես նա պնդում էր, «ոչնչացրել է» անցյալ ամռանը ավիահարվածների ժամանակ: Ըստ էության, Թրամփն ընդունում է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել և այժմ պահանջում է ուրանի հարստացման լիակատար դադարեցում և մնացած պաշարների հանձնում:
Բացի դրանից, Թրամփը բազմիցս պահանջել է, որ Իրանը հրաժարվի բալիստիկ հրթիռներից և դադարեցնի տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցելը, և ակնարկել է ռեժիմի փոփոխության մասին. փետրվարի 13-ին նա հայտարարեց, որ Թեհրանում կառավարության փոփոխությունը «կլինի լավագույն արդյունքը»:
Ի՞նչ կարող է անել Իրանի ղեկավարությունը՝ ԱՄՆ-ի հարվածից խուսափելու համար: Դադարեցնել ճնշումնե՞րը: Դադարեցնել իր միջուկային և հրթիռային ծրագրե՞րը: Դադարեցնել պրոքսի ուժերին աջակցե՞լը: Կամ պարզապես հեռանա՞լ: Հաշվի առնելով Թրամփի և Իրանի ստեղծած խառնաշփոթը, զարմանալի չէ, որ բանակցությունները փակուղի են մտել:
Նույնիսկ սահմանափակ ավիահարվածները կարող են Իրանին դրդել հակահարված հասցնել ամերիկյան ուժերին և դաշնակիցներին, իսկ ռեժիմի փոփոխության հասնելը օդից գրեթե անհնար է: Ռմբակոծությունները կարող են միայն ամրապնդել ռեժիմը՝ «դրոշի շուրջ համախմբման» արդյունքի միջոցով։ Եթե բարձրաստիճան առաջնորդները վերացվեն, և ռեժիմը անկայունանա, իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կանցնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, այլ ոչ թե անկազմակերպ և առաջնորդ չունեցող լիբերալ ընդդիմությանը։ Իրանը կարող է նաև պառակտվել էթնիկ կամ դավանանքային գծերի, ինչպես դա տեղի ունեցավ Լիբիայում կամ Սիրիայում։ Երկու սցենարներն էլ ԱՄՆ շահերից չեն բխում։
Ավելի փոքրածավալ ռմբակոծությունները կարող են մասամբ թուլացնել Իրանի միջուկային և հրթիռային հնարավորությունները, սակայն դա լիովին չի դադարեցնի ծրագրերը. հարվածների ավարտից անմիջապես հետո արտադրությունը վերսկսելու համար երկիրը ռեսուրսներ և տեխնոլոգիաներ ունի։
«Ռազմական գործողությունները կարող են դանդաղեցնել գործընթացը, սակայն միայն մշտական վերահսկողությունը, նյութերի կրճատումը և պարտադրված սահմանափակումներն իսկապես կհեռացնեն Իրանին միջուկային ռումբից»,- նշել է Իրանի հարցերով Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Դենի Ցիտրինովիչը:
Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը վերադառնում է 2015 թվականի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) սկզբունքներին, որից Թրամփը դուրս եկավ 2018 թվականին՝ հակառակ Իրանի կողմից համաձայնությանը։
Սակայն դա ընդամենը ենթադրություն է, քանի որ Թրամփը Կոնգրեսին կամ լայն հանրությանը չի պարզաբանել իր գործողությունները, ոչ էլ դիմել է օրենսդիր մարմնի հաստատմանը՝ գործելով բացառապես սեփական հայեցողությամբ, առանց հակակշիռների և զսպումների համակարգի։
Այսպիսով, Ամերիկան կուրորեն շարժվում է դեպի պատերազմ Իրանի հետ՝ անհասկանալի պատճառներով և անհայտ նպատակներով։ Միակ բանը, որում կարող ենք վստահ լինել, այն է, որ Թրամփը կհայտարարի իր «մեծագույն հաղթանակի» մասին։ Իրանի միջուկային ծրագիրը կարող է «ոչնչացվել» երկրորդ անգամ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում։





























