Քեյփթաունի միջազգային օդանավակայանում երեքշաբթի հրդեհը խաթարել է միջազգային և ներքին չվերթները, թեև Հարավաֆրիկյան օդանավակայանները շահագործող պետական ընկերությունը հայտարարել է, որ հրդեհը մարվել է, հաղորդում է Reuters-ը։
Հարավաֆրիկյան օդանավակայանների ընկերությունը (ACSA) հայտարարության մեջ նշել է, որ որպես նախազգուշական միջոցառումներ՝ միջազգային մեկնումները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ միջազգային մուտքային չվերթները՝ վերահասցեագրվել։
Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել են, որ որոշ ներքին չվերթներ հետաձգվել են։
«Քեյփթաունի միջազգային օդանավակայանը հաստատում է, որ օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մարվել է, և բոլոր ուղևորները, անձնակազմը և այցելուներն անվտանգ են,- ասվում է ACSA-ի հայտարարության մեջ,- Հրդեհն ազդել է ցանցային և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների, մասնավորապես՝ օդանավակայանի Wi-Fi-ի և այլ կարևոր համակարգերի վրա»։ Քեյփթաունը հայտնի զբոսաշրջային վայր է, և նրա գլխավոր օդանավակայանը Հարավային Աֆրիկայում երկրորդ ամենածանրաբեռնվածն է։




























