ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում բնակելի շենքի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը։

Կասկածյալը՝ 32-ամյա մի տղամարդ է, որը գնդակահարվել է դեպքի վայր ժամանած շերիֆի օգնականի կողմից։ Փիրս շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ նա նույնպես մահացել է։

Ոստիկանությունից հայտնել են, որ բազմաթիվ վկաներ տեսել են, թե ինչպես է տղամարդը դանակով հարվածներ հասցնում մարդկանց՝ Քի թերակղզում գտնվող տան մոտ։

Իշխանությունների փոխանցմամբ՝ դանակահարության մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով երեքշաբթի առավոտյան ժամը 09:30-ին։

Իշխանությունները հայտնել են, որ տուժածներից երեքը մահացած են հայտնաբերվել հենց դեպքի վայրում, իսկ չորրորդը մահացել է տեղի հիվանդանոցում։

Տակոմայի ոստիկանության սպա Շելբի Բոյդը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ չորսն էլ ստացել են դանակի հարվածներ։

Ըստ իշխանությունների տվյալների՝ կասկածյալը նույնպես մահացել է տեղում. նրան գնդակահարել է ոստիկանը։

Բոյդի խոսքով՝ իրավապահները պարզում են կասկածյալի և զոհերի միջև եղած կապը:

Փիրս շրջանի ոստիկանության քննչական խումբը հետաքննություն է անցկացնում։