Ֆիլիպիններում ընթացող արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռը բախվել է բետոնե արգելապատնեշին։ Միջադեպը տեղի է ունեցել ճանապարհից թռիչք կատարելու փորձի պահին, ինչի հետևանքով օդանավում գտնվող բոլոր հինգ ամերիկացի զինծառայողները վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ինչպես նշվում է ոստիկանության զեկույցում, դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին՝ հյուսիսային Պանգասինան նահանգի Լաոակ քաղաքի բետոնապատ շրջանցիկ ճանապարհին։ Օդաչուն և երկու այլ զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս երկու վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։

Վթարի հետևանքով ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռը զգալի վնասներ է կրել։

Ըստ ֆիլիպինցի երեք պաշտոնյաների՝ վարժանքը, որը «վայրէջքի պահուստային գոտում» ներառում էր ինքնաթիռի մեկնումը և ժամանումը, ծրագրված էր և ամբողջությամբ համակարգված Ֆիլիպինների քաղաքացիական, ոստիկանական և ռազմական իշխանությունների հետ:

Զորավարժությունների նպատակն է եղել զինված ուժերին նախապատրաստել չնախատեսված իրավիճակներին, օրինակ՝ երբ թայֆունների կամ երկրաշարժերի ժամանակ սովորական օդանավակայաններն ու թռիչքուղիները դառնում են անհասանելի:

Միջադեպի պատճառները հետաքննվում են: