Ինդոնեզիան երեքշաբթի օրը ազատ է արձակել և արտաքսել մի ամերիկացու, ով 11 տարի բանտում է անցկացրել՝ զբոսաշրջային Բալի կղզում իր այն ժամանակվա ընկերուհու մոր կանխամտածված սպանության համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Տոմի Շեֆերը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել 2014 թվականին շքեղ հանգստի ժամանակ Հիզեր Մաքի մոր՝ Շեյլա ֆոն Վիզե-Մաքի սպանության համար։ Այս գործը լայնորեն հայտնի է դարձել որպես Բալիի «ճամպրուկային սպանություն»։
Ինդոնեզիայի ներգաղթի գլխավոր տնօրինության Բալիի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆելուսիա Սենգկի Ռատնան հայտարարել է, որ Շեֆերը երեքշաբթի երեկոյան Բալիի միջազգային օդանավակայանից արտաքսվել է ԱՄՆ։ Նա ազատ է արձակվել ժամկետից շուտ՝ օրինակելի վարքի համար ստացված մի շարք արտոնությունների շնորհիվ։
Չիկագոյի հարուստ վերնախավի ներկայացուցիչ, 62-ամյա ֆոն Վիզե-Մակի դաժանաբար ծեծված մարմինը հայտնաբերվել է 2014 թվականի օգոստոսին Բալիի շքեղ «Սենթ Ռեջիս» հանգստավայրում կայանված տաքսու բեռնախցիկում։ Հիզեր Մակը սպանության պահին գրեթե 19 տարեկան է եղել և մի քանի շաբաթական հղի, իսկ նրա այն ժամանակվա ընկերը՝ Շեֆերը, եղել է 21 տարեկան։ Նրանք ձերբակալվել են մարմնի հայտնաբերման հաջորդ օրը՛
Մակը Բալիում կրել է իր 10 տարվա բանտարկության յոթ տարին՝ մոր սպանությանը օգնելու համար և արտաքսվել է 2021 թվականի հոկտեմբերին։ 2024 թվականի հունվարին նա Չիկագոյում դատապարտվել է նաև 26 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ ընդունել է սեփական մոր սպանությանը օժանդակելու հարցում իր մեղքը։




























