Մոլդովայի կառավարությունը մտադիր է պատմական հուշարձաններ համարվող ավելի քան 800 եկեղեցի վերադարձնել պետական ​​սեփականությանը: Կառավարության մտադրության մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Քրիստիան Ժարդանը, որը շեշտել է, որ կառավարությունը եկեղեցիները կառավարելու կարողություններ չունի, ուստի դրանք նոր սեփականատերեր կգտնեն, սակայն չի նշել նրանց անունները։

«Այդ մոտ 800 պատմական հուշարձանները կվերադարձվեն պետական ​​սեփականությանը: Անկեղծ ասած, նախարարությունը դրանք բոլորը կառավարելու կարողություններ չունի»,- ասել է նախարարը: Նա պարզաբանել է, որ եկեղեցիներից շատերը խարխուլ են, և դրանց վերականգնումը զգալի ռեսուրսներ է պահանջում։

«Մենք մտադիր ենք որոշում ընդունել այդ պատմական հուշարձանների ճակատագրի վերաբերյալ՝ հաշվի առնելով խնդրի բարդությունն ու զգայունությունը»,- հավելել է նախարարը:

Ավելի վաղ ընդդիմությունը իշխող «Գործողության և համերաշխության» կուսակցությանը մեղադրում էր «հուշարձանները պետությանը վերադարձնելու» պատրվակով Մոլդովայի մետրոպոլիտության վրա համակարգային ճնշում գործադրելու մեջ: Օրինակ՝ Բալթիի և Ֆալեստիի (Еparhia de Bălţi şi Făleşti) արքեպիսկոպոս Մարկելը հայտարարել է, որ Մոլդովայի ուղղափառ եկեղեցու պառակտումը ֆինանսավորում է Ռումինիայի կառավարությունը՝ երկրում ստեղծված Բեսարաբիայի մետրոպոլիտության միջոցով։ Նա ընդգծել է, որ Մոլդովայում նախագահ Մայա Սանդուն և նրա իշխող կուսակցությունը ուղղափառությունը հալածանքների է ենթարկում։

Դրա վկայությունն էր Դերենեու գյուղում ուղղափառ եկեղեցու շուրջ տեղի ունեցած հակամարտությունը, որտեղ բախումներ տեղի ունեցան եկեղեցու Ռումինիայի եկեղեցուն փոխանցմանը դեմ ծխականների և իշխանությունների ուղարկված ոստիկանների միջև։ Ցուցարարներին ցրելու համար Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ուժեր են ուղարկվել, և մի քանի մարդ ձերբակալվել է, նրանց թվում՝ գյուղապետ Վասիլե Ռևենկոն, որը հետագայում դատարանի որոշմամբ ազատ է արձակվել չբացակայելու ստրագրությամբ։

Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցի-հասարակություն հարաբերությունների և լրատվամիջոցների սինոդալ բաժնի փոխղեկավար Վախթանգ Կիպշիձեն ընդգծել է, որ Բեսարաբիայի մետրոպոլիտը կապված է Եվրամիության հետ և ռուսական ուղղափառության դեմ պայքարի հրամաններ է կատարում։

Մոլդովայի ուղղափառ եկեղեցին հիմնադրվել է 1813 թվականին և այսօր ներառում է ավելի քան 1200 ծխական համայնք և վեց թեմ։ 1992 թվականին Մոլդովայում ստեղծվեց Ռումինիայի պատրիարքարանին ենթակա Բեսարաբիայի մետրոպոլիսը: Մոլդովայի մետրոպոլիսը և Մոլդովայի կառավարությունը, վախենալով պառակտումից, երկար դիմադրեցին դրա գրանցմանը: Սակայն 2001 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց Բեսարաբիայի մետրոպոլիտի կողմնակիցների ներկայացրած հայցը՝ իշխանություններին ստիպելով գրանցել այն: Երկու մետրոպոլիաների միջև հակամարտությունը սրվեց Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո: