Իսպանական ոստիկանությունը Մադրիդում բացահայտել է հանցավոր ցանց, որը կազմակերպել էր ներգաղթյալների անօրինական մուտքը Եվրոպա՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր, ասված է Իսպանիայի իրավապահ մարմինների՝ չորեքշաբթի հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Ազգային ոստիկանության աշխատակիցները Մադրիդում բացահայտել են հանցավոր կազմակերպություն, որը ենթադրաբար նպաստում էր ներգաղթյալների անօրինական մուտքին Եվրոպա՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր»,- ասված է հայտարարության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ խումբը ներգաղթյալներին կեղծ կոլումբիական փաստաթղթեր է տրամադրել՝ նրանց հնարավորություն տալով ճանապարհորդել տարբեր երկրներով։ Գործողության ընթացքում ձերբակալվել է երկու անձ։
Հետաքննությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, այդ ժամանակ հայտնաբերվել են դեպքեր, երբ Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիները Էկվադորում տրված կեղծ կոլումբիական փաստաթղթեր են օգտագործել։ Հետաքննիչները կարծում են, որ յուրաքանչյուր ներգաղթյալ հանցավոր խմբին մոտ 5000 դոլար է վճարել՝ իրենց երթուղին կազմակերպելու համար։
Վերջին տարիներին Իսպանիան մնացել է Եվրամիություն հասնելու ձգտող ներգաղթյալների հիմնական ուղղությունը։ Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսով անցնող ծովային ուղիներից բացի, իրավապահ մարմինները պարբերաբար կեղծ փաստաթղթերի օգտագործման և Լատինական Ամերիկայի երկրներով անցնող տարանցիկ ուղիների հետ կապված սխեմաներ են բացահայտում։




























