Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) զեկույցի, 2025 թվականին զինված հակամարտությունների ժամանակ 129 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից է զոհվել, գրում է Le Monde պարբերականը։
Համեմատության համար, 2024 թվականին զոհվել է 124 լրագրող։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն Իսրայելին մեղադրել է, որ հրեական պետությունը 2025 թվականին լրագրողների երկու երրորդի մահվան պատճառ է դարձել։ Կազմակերպության տվյալներով՝ Գազայի հատվածում զոհվել է լրատվամիջոցների 86 աշխատակից, որոնց ավելի քան 60%-ը մարտական գործողությունները լուսաբանող պաղեստինցի լրագրողներ էին։
Գազայից բացի, մամուլի համար ամենավտանգավոր շրջաններն էին Սուդանը, որտեղ զոհվել է ինը լրագրող, և Ուկրաինան՝ չորս զոհով։
Զեկույցում նշվում է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ հարձակումներում անօդաչու թռչող սարքերի օգտագործման կտրուկ աճը. 2025 թվականին գրանցվել է 39 նման միջադեպ՝ 2023 թվականի երկու դեպքի համեմատ։ Զինված հակամարտություններից բացի, կազմակերպված հանցագործությունը շարունակում է լուրջ սպառնալիք ներկայացնել լրագրողների համար։ 2025 թվականին Մեքսիկայում սպանվել է վեց լրագրող, նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Հնդկաստանում և Պերուում։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) ընդգծել է, որ թիրախային սպանությունների փաստաթղթավորված դեպքերի մեծ մասը թափանցիկորեն չի հետաքննվել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել լրագրողների պաշտպանության միջոցառումները և ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ հանցագործությունների համար պատիժը։




























