Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2012թ. փետրվարի 16-ին կսկսվի «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործի դատավարությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութություն):

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հիշյալ քրեական գործի նկատմամբ` տեղեկացնում ենք, որ 2010-2011թթ. թվով 3 քաղաքացիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ «Արմավիր  ԲԿ» ՓԲԸ-ում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Արմավիրի մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Արմավիրի մարզպետին` առաջարկելով միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավախախտումները  բացառելու համար:

Միջնորդագրում, մասնավորապես, նշվում է, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի մահվան փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցված  քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  Վ.Խլղաթյանը տանն իրեն վատ է զգացել եւ շտապ  բուժօգնություն  ցուցաբերելու հարցով  վերջինիս հարազատները զանգահարել են  «Արմավիր ԲԿ» ՓԲԸ  շտապ եւ  անհետաձգելի  օգնության ծառայություն: Կայանի աշխատակիցները ցուցաբերելով անգործություն, խուսափել են իրենց վրա  դրված պարտականությունները կատարելուց, առանց հարգելի պատճառի  հիվանդի կանչով նրան չեն այցելել, պատճառաբանելով, որ  բենզին  չունեն:

Արդյունքում  Վ.Խլղաթյանի հարազատները  նրան փորձել են հիվանդանոց  տեղափոխել սեփական տրանսպորտային միջոցով, սակայն Վ.Խլղաթյանը ճանապարհին  մահացել է:

«Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Ն.Գեւորգյանի ցուցումով հերթապահ մեքենաներին  տրվող 5-ական լիտր բենզինը միշտ էլ չի բավարարել, որի առթիվ աշխատակիցների ահազանգերը ԲԿ-ի  տնօրենը հաշվի չի առել, ավելին՝ բանավոր պահանջել է չսպասարկել գյուղական բնակավայրերից ստացվող կանչերը: