Կոլումբիայում տեղի է ունեցել ցեխային հրաբխի հզոր ժայթքում, իշխանությունները տարհանում են տեղի բնակչությանը։ Այս մասին հայտնում է BNO News-ը՝ հրապարակելով տարերքի լուսանկարները։
Ժայթքումը տեղի է ունեցել Անտիոքիա դեպարտամենտի Սան Խուան դե Ուրաբա համայնքում: Համացանցում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս հրաբխի խառնարանից պայթյունի պես ժայթքող հսկայական կրակի սյուն։ Այն ունեցել է մեծ տրամագիծ և՛ բարձրություն:
«Տեղական իշխանությունները հայտնել են, որ ցեխային հրաբուխը ժայթքել է քաղաքային ջրամաքրման կայանի և բնակելի շենքերի մոտակայքում», - ասվում է հրապարակման մեջ։
Պաշտոնյաների խոսքով՝ ոչ ոք չի տուժել։ Մինչ այժմ հաղորդվել է միայն Սիետե Վուելտաս տարածք տանող ճանապարհի վնասման մասին։ Սոցիալական ցանցերում ականատեսները պնդում են, որ ժայթքման վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեսել են գետնի զգալի ճաքեր և ասֆալտի ճաքեր։




























