Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին փետրվարի 26-ի առավոտյան Ժնևում հանդիպում կունենա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ՝ միջուկային գործարքի վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշումը փոխանցելու համար։ Այս մասին ասված է սուլթանության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

«Ակնկալվում է, որ այսօր առավոտյան նորին գերազանցությունը կհանդիպի ամերիկյան բանակցային պատվիրակության հետ՝ իրանական դիրքորոշումը փոխանցելու և ամերիկյան կողմի առաջ քաշած գաղափարներն ու առաջարկները լսելու համար», - ասված է X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Նախորդ օրը երեկոյան Օմանի ԱԳ նախարարը Ժնևում հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ընթացքը և դիտարկել այն առաջարկները, որոնք Թեհրանը մտադիր է ներկայացնել միջուկային դոսյեի շուրջ համաձայնության հասնելու համար։

Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժ կիրառելու հնարավորությունը։ Վաշինգտոնն այն ժամանակ հույս էր հայտնել, որ Թեհրանը նստելու է բանակցությունների սեղանի շուրջ և կնքելու է «արժանապատիվ և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից ամբողջական հրաժարում։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ատոմային ռումբ ստեղծելու մտադրության բացակայության մասին։

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում։ Իրանի ԱԳՆ-ից հայտնել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասնելու մասին, որոնց վերաբերյալ պայմանավորվածությունները կարող են ներառվել միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի նախագծում։ Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան կողմից մատնանշված մի շարք դիրքորոշումները։