Միջազգային իրավապաշտպանները կոչ են արել Թրամփի վարչակազմին զգուշացնել Հայաստանի կառավարությանը ավտորիտարիզմի մեջ ընկնելու դեմ՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ սրվող ճնշումների ֆոնին, գրել է The Catholic World Report-ը։

«Իրականությունն այն է, որ կառավարության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ մեկ տարուց ավելի սկսված արշավը շարունակվում է մինչ օրս»,  փետրվարի 26-ին Կապիտոլիումի բլրի վրա Ազգային պաշտպանության դաշինքի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասել է դեսպան Ալբերտո Ֆերնանդեսը։

Լսումները նվիրված էին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակվող ճնշումների հետեւանքներին։ Այս միջոցները վերջերս ներառել են եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին ներկայացված մեղադրանքը, մի քանի եպիսկոպոսների բանտարկությունը եւ երկրից դուրս նրանց ճանապարհորդությունների սահմանափակումները։

 Ֆերնանդեսը կաթողիկոսի Ավստրիա մեկնելու արգելքը Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու համար անվանել է իրադարձություն, որը «պետք է շատ ավելի մեծ ուշադրություն գրավի»։

Կաթողիկոսի համար Փաշինյանի կողմից սահմանված սահմանափակումները հաջորդել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 2025թ․ դեկտեմբերի 10-12-ը նախատեսված հանդիպումը հետաձգելու եւ այն արտասահման տեղափոխելու որոշմանը՝,ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ «հոգեւորականության նկատմամբ բռնաճնշումների» պատճառով։

Ֆերնանդեսը կոչ է արել Փաշինյանի կառավարությանը դադարեցնել Առաքելական եկեղեցու դեմ արշավը. «Նրանք չեն կարող նստել երկու աթոռի վրա՝ հայտարարելով լիբերալ Արեւմուտքի մաս կազմելու եւ ամերիկամետ լինելու իրենց ցանկության մասին, միեւնույն ժամանակ պատճենելով Էրդողանի ռեժիմի [Թուրքիայում] կամ Ասադի [Սիրիայում] կամ ձեր ընտրած ցանկացած այլ բռնապետի կրոնական չափանիշները»։

«Այստեղ ակնհայտ է մի հիմնարար հակասություն, որը պետք է լուծվի»,- ընդգծել է նա։

Ֆերնանդեսը զգուշացրել է, որ Փաշինյանի կոշտ մոտեցումը Առաքելական եկեղեցու նկատմամբ «վտանգ է ներկայացնում ռեժիմի եւ կառավարության համար»։

«Եկեղեցիներին կամ կրոնական կազմակերպություններին տրված ազատության եւ այլ ազատությունների՝ խոսքի եւ խղճի, միջեւ կա հստակ եւ ուղղակի կապ»,-  ասել է նա։ «Ես չգիտեմ որեւէ իրավիճակ, երբ ռեժիմը հետապնդում է կրոնական կառույցները, բայց մնում է բաց եւ ընկալունակ աշխարհիկ քննադատության, քաղաքական ընդդիմության կամ հեգնանքի նկատմամբ... Այս բաները փոխկապակցված են»։

«Ռեժիմները, որոնք չեն ցանկանում լսել քննադատություն կրոնական իշխանություններից, սովորաբար չեն ցանկանում լսել այն նաեւ լրատվամիջոցներից կամ աշխարհիկ քննադատներից»,- ավելացրել է դիվանագետը։

Christian Solidarity International կազմակերպության նախագահ Ջոն Էյբները կոչ է արել Թրամփի վարչակազմին «ցույց տալ ուժ եւ համոզմունք՝ պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցին այս հետապնդումից, այդպիսով նպաստելով աշխարհի առաջին քրիստոնյա ազգի գոյատեւմանը»։

EWTN News-ի հարցազրույցում Էյբները նշել է, որ Հայաստանը գտնվում է «ծայրահեղ խոցելի դիրքում», չնայած նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրին: Նա ասել է, որ համաձայնագիրը «դեռ վերջնականապես չի կնքվել», եւ չնայած կան «խաղաղության մասին բանակցություններ»՝ այն դեռեւս երաշխավորված չէ։

Առաջիկա ընտրությունների ֆոնին Էյբները նշել է, որ Փաշինյանը ներկայանում է որպես «խաղաղության մարդ»՝ հայտարարելով. «Եթե դուք չգաք ինձ հետ, պատերազմ կլինի»: Սա մասամբ պայմանավորված է Փաշինյանի ներգրավվածությամբ Թրամփի կողմից աջակցվող խաղաղության ծրագրում։

«Կան բազմաթիվ քաղաքական խնդիրներ: Ընդդիմության անդամները բանտերում են: Կարծում եմ՝ Փաշինյանը շատ վստահ է զգում իրեն, քանի որ նրա վերընտրությունը հենց նոր հաստատվեց [Վենսի կողմից], ինչը ցույց է տալիս Միացյալ Նահանգների աջակցությունը»,- նշել է Էյբները։

«Եվրամիությունը «ռուսական ապատեղեկատվության» դեմ պայքարի պատրվակով գումար է ներդնում նրա վերընտրությունը սատարելու համար, բայց իրականում դա արվում է նրա քարոզարշավին սատարելու համար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը «սպառնում են պատերազմով», բայց «Փաշինյանին տեսնում են որպես իրենց մարդ»։

«Նա ներկայանում է որպես խաղաղության միակ այլընտրանք կամ միակ հնարավորություն, եւ սա արձագանք է գտնում հայ հանրության մոտ»,- եզրափակել է Էյբները։ «Մի կողմից՝ մարդիկ ցանկանում են պահպանել իրենց ազգային ավանդույթները, իրենց եկեղեցին, իրենց սահմանները եւ իրենց ինքնավարությունը։ Բայց մյուս կողմից՝ նրանց սպառնում են պատերազմով»։

Վերջնարդյունքում, նրա խոսքով, «Միացյալ Նահանգների եւ Հայաստանի համար գլխավոր հարցն այն է, թե արդյոք կան որեւէ երաշխիքներ, որ ցանկացած ստորագրված փաստաթուղթ իրականում կպահպանվի»։