Սայաթ-Նովա պողոտայի եւ Չարենցի փողոցի հատման մասում տեղադրված «Արփի եւ Սարգիս» ՍՊԸ-ի բենզալցակայանը գործում է օրենքի խախտմամբ եւ վնասում է մարդկանց առողջությունը: Այս մասին ահազանգում են Չարենցի փողոցի 59 եւ 61 տների բնակիչներ Հարություն Խաչատրյանը եւ Հովհաննես Շամրիկյանը:

Բենզալցակայանը գտնվում է այդ տներից 8 մետր հեռավորության վրա, անինչ, ըստ հակահրդեհայինն անվտանգության կարգի, պետք է գտնվի առնվազն 25 մետր հեռավորության վրա:

Ըստ «Էկոլուրի»` Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության կողմից տրվել է գրություն, ըստ որի` բենզալցակայանի շինությունը եւ զբաղեցրած հողամասը պետական գրանցում չեն ստացել: Հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման մասին եզրակացություն է տվել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի հրդեհային տեսչության պետ Ա.Հարությունյանը:

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Եդոյանը բնակիչներին գրավոր տեղեկացրել է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից ներկայումս իրականացվում է փաստաթղթերի հավաքագրման գործընթաց, որից հետո հայցադիմում կներկայացվի դատարան` Չարենցի փողոց հ.հ. 59 եւ 61 տների դիմաց գտնվող բենզալցավորման կետի ապամոնտաժման վերաբերյալ: