Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ շաբաթ օրը Իրանի հրթիռակոծության հետևանքով Թել Ավիվում կին է զոհվել։ Ըստ AFP-ի, սա հարձակումների սկզբից ի վեր Իսրայելում մահվան առաջին հաստատված դեպքն է։
«Բժիշկները հաստատել են մոտ 40 տարեկան կնոջ մահը, որը ծանր վնասվածքներ էր ստացել Թել Ավիվի կենտրոնին իրանական հրթիռի հարվածի հետևանքով»,- բանակի տարածած տեսանյութում հայտնել է բարձրաստիճան սպան՝ հղում անելով իսրայելական «Մագեն Դավիթ Ադոմ» արտակարգ օգնության ծառայությանը։
Սա առաջին հաստատված մահն էր այն բանից հետո, երբ Իրանը սկսեց հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան շաբաթ առավոտյան Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների։ AFP-ի՝ Թել Ավիվում արված լուսանկարներում երևում են հրշեջներն ու ոստիկանները հարվածի վայրում՝ բնակելի շենքերով շրջապատված փողոցում, որոնց ճակատային մասերը ավերվել են պայթյուններից։
Հրշեջները մարել են մոտակայքում բռնկված հրդեհը, իսկ փրկարարները տարհանել են տուժածներին։
Իսրայելի արտակարգ բժշկական օգնության ծառայությունը հայտնել է, որ իր բրիգադները հիվանդանոց են տեղափոխել 20 վիրավորի։ Մի քանի ժամ անց իսրայելցի զինվորականները հայտնել են, որ հրթիռակոծության հերթական ալիքի պատճառով երկրի մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են միացել։
Իսրայելի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ ռազմաօդային ուժերը «գործել են հրթիռները որսալու և հարված հասցնելու նպատակով»։
Ըստ ոստիկանության, հրթիռի կամ որսացող հրթիռի բեկորներ են ընկել Երուսաղեմի շրջանում, սակայն այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ողջ երեկոյի ընթացքում AFP-ի լրագրողները հայտնել են ուժգին պայթյունների մասին Թել Ավիվի, Երուսաղեմի և օկուպացված Արևմտյան ափի մոտակայքում, երբ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը խոցում էր հրթիռների համազարկերը։ Զինվորականները շաբաթ երեկոյան հայտնել են, որ ողջ Իսրայելում «մի քանի հարված» է գրանցվել։