Էներգակիրների համաշխարհային շուկաները բախվում են վերջին տասնամյակների ամենալուրջ ցնցումներից մեկին։ Ըստ Reuters-ի՝ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած համատեղ հարվածները և Թեհրանի պատասխան հրթիռային գրոհները Պարսից ծոցի շրջանների վրա խաթարում են նավթի արտահանումը աշխարհի կարևորագույն նավթարդյունահանող տարածաշրջանից։

Այս հետևանքների մասշտաբը, հավանաբար, կախված կլինի հակամարտության տևողությունից, սակայն արդեն իսկ սպառնալիքն ու անորոշությունը բավականաչափ ուժգին են՝ լրջորեն ազդելու նավթի հոսքերի վրա մի տարածաշրջանից, որն ապահովում է համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։

Եթե իրավիճակը արագ չհանգուցալուծվի, նավթի գները, ամենայն հավանականությամբ, կտրուկ կաճեն երկուշաբթի առավոտյան՝ սակարկությունների բացմանը։ Brent տեսակի նավթի գները վերջին շաբաթներին բարձրացել են մինչև մոտ 70 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 2025 թվականի օգոստոսից ի վեր առավելագույն ցուցանիշն է՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության սպասումների ֆոնին։

Այս պահին Իրանի պատասխան հարվածների հետևանքով նավթագազային ենթակառուցվածքների վնասման վերաբերյալ հաստատված տվյալներ չկան։

Պայթյուններ են գրանցվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Քուվեյթում՝ նավթ արտահանող երկու խոշոր պետություններում։ Միևնույն ժամանակ Կատարը, որն աշխարհում բնական հեղուկ գազի երկրորդ խոշոր արտահանողն է, հայտնել է երկրի ուղղությամբ արձակված հրթիռների որսման մասին։

Պայթյուններ են լսվել նաև Բահրեյնում և Իրանի Խարգ կղզու մոտակայքում, որով սովորաբար անցնում է հում նավթի արտահանման մոտ 90%-ը։ Չնայած նավագնացության տվյալները վկայում են, որ Թեհրանը վերջին օրերին այնտեղ պահվող նավթի մեծ մասը տեղափոխել է տանկերներ։

Այնուամենայնիվ, ֆիզիկական վնասների բացակայությունը կարող է այնքան էլ էական չլինել։ Ռիսկը, որ տանկերները կարող են արգելափակվել Հորմուզի նեղուցից հյուսիս գտնվող ծոցում կամ դառնալ հարձակման թիրախ, արդեն իսկ ստիպում է արտադրողներին, թրեյդերներին և նավագնացային ընկերություններին վերանայել նավթի և հեղուկ գազի տեղափոխման երթուղիները։ Որոշ խոշոր նավթային ընկերություններ և առևտրային տներ մի քանի օրով դադարեցրել են մատակարարումները նեղուցով։

Այս զգուշավոր մոտեցումը դժվար թե փոխվի, քանի դեռ տարածաշրջանի ծովային ուղիների անվտանգության հարցում վստահություն չկա։ Տանկերների ֆրախտավորման դրույքաչափերը, որոնք արդեն իսկ աճում էին լարվածության սրման ֆոնին, էլ ավելի կբարձրանան։ Մերձավոր Արևելքից Չինաստան ուղևորվող VLCC դասի շատ խոշոր տանկերների բազային դրույքաչափերը տարեսկզբից ավելի քան եռապատկվել են՝ արտացոլելով թե՛ մեծացած ռիսկը, թե՛ ուղերթերին պատրաստ նավերի թվի կրճատումը։

Հիմնական հարցն այժմ հետևյալն է՝ արդյո՞ք թիրախ կդառնա էներգետիկ ենթակառուցվածքը, և որքա՞ն արագ ամերիկյան զորքերը կկարողանան ապահովել նավագնացության երթուղիների անվտանգությունը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում։ Հարկ է նշել, որ Հորմուզի նեղուցը երբեք լիովին արգելափակված չի եղել։

Թեև Իրանը դժվար թե կարողանա երկարատև շրջափակում իրականացնել, այն ունակ է ժամանակավորապես խաթարել նավերի շարժը։ ԱՄՆ ռազմածովային ուժերը գրեթե հաստատ արագ կարձագանքեն, սակայն նույնիսկ կարճատև հարձակումները կամ ականները կարող են չափազանց մեծ ազդեցություն ունենալ գների և մատակարարումների վրա։

Այսօր նավթի համաշխարհային շուկան համեմատաբար ապահովված է՝ շնորհիվ վերջին տարիներին ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կանադայում և այլ երկրներում արտադրության աճի։ Սաուդյան Արաբիան՝ նավթի խոշորագույն արտահանողն աշխարհում, նույնպես անգործ չի մնացել մատակարարումների խափանման սպառնալիքի պայմաններում։ Ըստ Kpler վերլուծական ընկերության՝ վերջին օրերին թագավորությունն ավելացրել է հում նավթի բեռնումները, որոնք փետրվարին կգերազանցեն օրական 7 միլիոն բարելը։ Սա 2023 թվականի ապրիլից ի վեր առավելագույն ցուցանիշն է։

ՕՊԵԿ+-ը կիրակի կայանալիք հանդիպմանը պետք է համաձայնեցնի արդյունահանման ավելացումը։ Իհարկե, Մերձավոր Արևելքից արտահանման երթուղիների խափանումները կարող են ի չիք դարձնել տարածաշրջանային արտադրողների արդյունահանման աճի զգալի մասը, թեև Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ունեն արտահանման այլընտրանքային երթուղիներ։ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մասշտաբն ու Թրամփի հռետորաբանությունը վկայում են, որ Վաշինգտոնը պատրաստվում է տևական ռազմական արշավի։

Թե որքանով է Իրանի ղեկավարությունը զգում սպառնալիքը, կախված է նրանից, թե արդյոք այն կգնա հակամարտության սրման՝ գրոհելով տարածաշրջանի ավելի լայն թիրախներ, ներառյալ նավթահանքերը, արտահանման տերմինալներն ու վերամշակող հաստատությունները։ Սակայն նույնիսկ առանց վատթարագույն սցենարի, հակամարտությունն արդեն իսկ պատրաստ է լրջորեն խաթարել Մերձավոր Արևելքից էներգակիրների կենսական մատակարարումները, ինչը տասնամյակներ շարունակ տեղի չէր ունեցել։