ԱԺ խորհրդարանական ընտրություններում Երեւանի Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է ՕԵԿ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանը` «Լավանդայի Արայիկը»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Արայիկ Հայրապետյանը, հավելելով, որ որոշումը կայացվել է ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստում: Նա պատասխանեց եւս մի քանի հարցերի, որը ներկայացնում ենք ստորեւ.
Պարոն Հայրապետյան ինչո՞ւ ՕԵԿ-ը հենց Ձեզ առաջադրեց այդ ընտրատարածքում:
Ես կարծում եմ, որ մեծամասնականով կուսակցությունն առաջադրում է ուժեղ մարդկանց: Համամասնականով ցուցակի մեջ գտնվում են ավելի ընդհանուր գծեր ունեցող մարդիկ, իսկ եթե կուսակցությունը մեծամասնականով է առաջադրում, նշանակում է շատ ավելի լուրջ, ավելի ուժեղ թեկնածու է տեսնում, որից ես շոյված եմ: Իսկ ինչո՞ւ կենտրոնում, որովհետեւ ես ապրում, աշխատում եմ, այդ տարածքի ՕԵԿ-ի ղեկավարն եմ: Դրա համար 9-րդ ընտրատարածքում:
ՕԵԿ-ում 9-րդ ընտրատարածքում առաջադրելու համար Ձեզ հետ մասին էլ ում անուններ էին քննարկվում:
Իմ ներկայությամբ մեծամասնականով միայն իմ անունն է քննարկվել: Թեեւ կրածում եմ, որ իմ բացակայությամբ եւս միայն իմ անունն է քննարկվել:
Կենտրոնում պայքարը թեժ է լինելու: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ պայքարում:
Ես իմ հաղթանակի շանսերը 99 տոկոս եմ գնահատում: Ինչու ոչ 100 տոկոս, որովհետեւ կարծում եմ, որ 1 տոկոսը կազմող գրանցված թեկնածուները ուղղակի ինձ ձայն չեն տա:
Շատ վստահ եք խոսում, ինչ է, նման խոստո՞ւմ եք ստացել, նման որոշո՞ւմ կա:
Բացարձակապես: Ես հասկանում եմ, որ շատ ծանր, հսկայական աշխատանք է այս ամենը պահանջում, որի տակ ես պատրաստ եմ մտնել: Ինչ վերաբերում է Ձեր ակնարկած որոշմանը, ապա նման բան չկա: Ես ուղղակի ապրում եմ կենտրոնում, ընտրատարածքը շատ լավ գիտեմ եւ դրա վրա եմ վստահ: Ես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի դեմ չեմ պայքարում: Սա ոչ, թե կուսակցական, այլ անձերի խնդիր է:
Ընտրություններից հետո սոցցանցերում կարծիք հնչեց, որ ՀՀ քաղաքացու կուրսը 5000 դրամ է: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում ստանալ քաղաքացիների քվեն:
Կարծում եմ, որ գրողը հումոր է արել: Բայց այո, 5000 դրամանոց էլ չէ, 4, 3 հազար դրամանոց մարդիկ էլ կան: Բայց ասել, որ հայի գինը 5 հազար դրամ է, ես կարծում եմ, որ ասողը իր կուրսն է ասել: Ինչ խոսք 1000 դրամանոց մարդիկ էլ կան, բայց ես Ձեր մասին բարձր կարծիք ունեմ եւ ինձ համար վիրավորական կլինի, որ մեկն իմ կամ Ձեր մասին նման բան ասի: Ինչ վերաբերում է քաղաքացիների քվեն ստանալուն, ես 30 տարի ապրում եւ աշխատում եմ նույն տեղում եւ իմ բնակչության մեծամասնությանը անգիր գիտեմ, բոլոր փողոցները, նրբանցքները, մուտքերը շքամուտքերը գիտեմ: Ես ապրում եմ դրանով եւ բոլորը ինձ ճանաչում են: Հետեւաբար` իմ հույսը զուտ դրել եմ այս տարիների ընթացքում իմ վաստակի եւ իմ անունի վրա: Դրա համար ինձ առաջադրեցին կենտրոնում:
Հ. Գ. Ի դեպ, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ ինքը եւս Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն ունի: Իսկ ՀՀԿ-ի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի պատգամավոր Ռուբեն Սադոյանը:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























