ԲՀԿ կուսակցության անդամ, սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի ավազակային հարձակումներից տուժած Նապոլեոն Ազիզյանը որոշել է մասնակցել ԱԺ խորհրդարանական ընտրություններին: Նա իր թեկնածությունն առաջադրելու է Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Նապոլեոն Ազիզյանը: 

Դիտարկմանը, թե այդ ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ ՕԵԿ-ի թեկնածու Արայիկ Հայրապետյանը («Լավանդայի Արայիկ»), ով իր հաղթելու  շանսերը 99 տոկոս է գնահատում, առաջ բերեց Նապոլեոն Ազիզյանի ծիծաղը: «Չէ հա: Որ ասում ա կլինի, ուրեմն շատ ուժեղ ա»:

Ճշտող հարցին, թե ինքը հիմա կատակո՞ւմ է, թե իսկապես Արայիկ Հայրապետյանին իրեն լուրջ մրցակից է համարում, նա արձագանքեց. «Ինչո՞ւ պետք է կատակ անեմ: Մեր համերկրացին է: Հավատս չի գալիս, որ նման բան է ասել: Բայց, եթե ասել ա, ուրեմն մի բան գիտի: Այս դեպքում ինչի՞ ա 99 ասում, թող 100 տոկոս ասի էլի»:

Երբ փոխանցեցինք, որ Արայիկ Հայրպետյանը 99 տոկոս է ասել, համոզված լինելով, որ միայն իր հակառակորդներն իրեն ձայն չեն տա, Ազիզյանն ասաց. «Դե լավ ա,  իրեն նախընտրական հնարքները լավ սովորեցրել են: Էլ ինչ ասեմ, մեր համերկրացին է (երկուսն էլ Ապարանից են-խմբ), թող իրեն լավ զգա»:

Նա նշեց, որ առաջադրվելու ցանկությունը դեռ միայն իրենն է, քանի որ կուսակցությունն այս հարցով դեռ վերջնական որոշում չի կայացրել: