Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին հայտարարել է, որ Կատարի զինվորականները կասեցրել են իրանական հարձակումները, որոնք ուղղված են եղել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ միջազգային օդանավակայանի դեմ, հայտնում է Reuters-ը։
Նա ընդգծել է, որ նման հարձակումները չեն կարող անպատասխան մնալ։
Անսարին հավելել է, որ այս պահին Կատարը երկխոսություն չի վարում Իրանի հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հաղորդվում է, որ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի, ինչպես նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազանների ուղղությամբ։
Հարձակման արդյունքում սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:





























