Եվրոպան պատրաստվում է Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտության պատճառով էներգակիրների գների հնարավոր կտրուկ աճի, որը լրացուցիչ ճնշում կգործադրի դաշինքի տնտեսության վրա և կսրացնի նրա գրեթե լիակատար կախվածությունը բրածո վառելիքի ներմուծումից, գրում է Politico-ն։
Նավթի և գազի առաքումները գործնականում դադարեցվել են Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, և ըստ հաղորդագրությունների՝ իրանական ուժերը նավերին զգուշացրել են չանցնել Հորմուզի նեղուցով։
Դա անմիջական ազդեցություն չի ունենա Եվրոպայի վրա, քանի որ Հորմուզի նեղուցով անցնող նավթի և գազի մեծ մասը՝ համաշխարհային նավթային առևտրի մոտ 20%-ը, գնում է Ասիա։
Ընդսմին, մատակարարման կրճատմումն արդեն իսկ հանգեցնում է համաշխարհային գների բարձրացման։ Երկուշաբթի առավոտյան Brent հում նավթի գինը բարձրացավ ավելի քան 9%-ով՝ հասնելով գրեթե 80 դոլարի մեկ բարելի համար, ինչը ամենաբարձրն է անցյալ տարվա հունիսից ի վեր։
«Նավթը և հեղուկացված բնական գազը համաշխարհային շուկաներ են. Հորմուզի նեղուցով մատակարարումների ցանկացած խափանում կհանգեցնի անհապաղ գների կտրուկ աճի, որը կազդի Եվրոպայի վրա՝ չնայած սահմանափակ ֆիզիկական մատակարարումներին», - նշել է Բրյուսելում գործող Bruegel վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սիմոնե Տալիապիետրան։
Նեղուցի փակման ռիսկը քննարկվել է կիրակի օրը Բրյուսելում ԵՄ դիվանագետների հանդիպումների ժամանակ։
Ըստ Տալիապիետրայի՝ մի քանի օրվա կարճաժամկետ հակամարտությունը «կբերի նավթի և գազի գների աշխարհաքաղաքական պարգևի», մինչդեռ «մի քանի շաբաթվա ընթացքում տևական խափանումը կսկսի սպառել պաշարները, ստեղծել լոգիստիկ դժվարություններ և վտանգավոր կերպով կրճատել նավթի և գազի համաշխարհային հաշվեկշիռները՝ էներգիայի գների համար շատ ավելի լուրջ հետևանքներով»։
Հակամարտության երկարաժամկետ ռիսկն այն է, որ եթե Հորմուզի նեղուցով անցնող նավթի և գազի մեծ ծավալները լրջորեն խաթարվեն, դա կհանգեցնի առևտրային հոսքերի վերաբաշխման, ինչպես տեղի ունեցավ չորս տարի առաջ Ուկրաինայում պատերազմից հետո։
«Ճգնաժամը կխորանա՝ կախված պատերազմի տևողությունից։ Եթե իրավիճակը կարգավորվի մեկ կամ երկու շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում, հետևանքները շատ ավելի մեղմ կլինեն,- ասել է, Էներգետիկ տնտեսագիտության և ֆինանսական վերլուծության ինստիտուտի առաջատար էներգետիկ վերլուծաբան Անա Մարիա Ջալլեր-Մակարևիչը։ -Սակայն եթե հակամարտությունը երկարաձգվի, ինչպես Ուկրաինայում պատերազմը, հետևանքները Եվրոպայի համար կարող են շոշափելի լինել»։
«Փաստը մնում է փաստ. Եվրոպան իր էներգիայի մեծ մասը ներմուծում է այլ երկրներից։ Եվ նման իրադարձությունները միայն ընդգծում են, թե որքան ռիսկային և անկայուն է այս ռազմավարությունը»,- հավելել է Օքսֆորդի համալսարանի էներգետիկայի և կլիմայական քաղաքականության պրոֆեսոր Յան Ռոզենովը։
Նրա կարծիքով՝ կառուցվածքային լուծումը պետք է լինի վերականգնվող էներգիայի արտադրությունը Եվրոպայում, էլեկտրաֆիկացիան և տնտեսության մեջ էներգաարդյունավետության բարձրացումը. «Որքան քիչ ենք սպառում, այնքան պակաս խոցելի ենք լինում»։
ՊՕԵԿ+-ը կիրակի օրը հայտարարեց ապրիլին նավթի արտադրության օրական 206 հազար բարելով ավելացման մասին, ինչը պոտենցիալ կնվազեցնի գների կտրուկ բարձրացման ռիսկը։ Սակայն, ինչպես նշել է Rystad Energy-ի աշխարհաքաղաքական վերլուծության ղեկավար Խորխե Լեոնը, դա Պարսից ծոցից նավթի տեղափոխման խնդիրը չի լուծում։
Լատվիայի էներգետիկայի նախարար Կասպարս Մելնիսը շեշտել է, որ ներկայում չափազանց շատ անհայտներ կան, սակայն նշել է, որ եվրոպական երկրները կուտակել են ռազմավարական պաշարներ, որոնք հնարավորություն են տալիս երկարաժամկետ ծրագրեր կառուցել: ԵՄ նավթի պաշարները նախատեսված են 90 օրվա համար, չնայած որոշ հարևան երկրներ, մասնավորապես Բալկաններում և Արևելյան Եվրոպայում, դժվարություններ են ունենում այս պահանջը բավարարելու հարցում:
ԵՄ-ն իր նավթի մեծ մասը ներմուծում է ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Ղազախստանից և Լիբիայից, որոնցից ոչ մեկը չի անցնում Հորմուզի նեղուցով: Սաուդյան Արաբիան և Իրաքը, որոնք արտահանում են այս երթուղով, կազմում են Եվրոպայի նավթի ներմուծման համապատասխանաբար մոտ 7%-ը և 5%-ը:
Հեղուկացված բնական գազի վերաբերյալ ԱՄՆ-ը կազմում է ԵՄ ներմուծման 60%-ը, որին հաջորդում են Ալժիրը և Ռուսաստանը: Կատարը, որն աշխարհում երկրորդ խոշորագույն հեղուկացված բնական գազի արտահանողն է, 2025 թվականի երրորդ եռամսյակում կազմել է Եվրոպայի սպառման ընդամենը մոտ 6%-ը:
Սակայն այս իրավիճակը կարող է փոխվել: ԵՄ-ն աստիճանաբար նվազեցնում է իր կախվածությունը ռուսական նավթից և գազից, և հեղուկացված բնական գազի մատակարարման համար ԱՄՆ-ից նրա աճող կախվածությունը մտահոգություններ է առաջացնում Վաշինգտոնի հետ լարվածության սրման ֆոնին:
«Դա խուճապի պահ է Եվրոպայի համար,- նշել է Ջալլեր-Մակարևիչը։ -Չորս տարի առաջ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժելուց հետո, մենք նմանատիպ խնդիրներ ունեինք։ Հիմա մտահոգված ենք ոչ միայն Ռուսաստանի, այլև Կատարի և ԱՄՆ-ի համար... Մեր կախվածությունն այլ աղբյուրներից աճում է, և դրա հետ մեկտեղ՝ մեր խոցելիությունը»։





























