Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արձագանքել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին։

«Աշուրան սիրող իրանցի ժողովուրդը չի վախենում ձեր դատարկ սպառնալիքներից, քանզի ձեզնից ավելի հզորները չկարողացան վերացնել դրանք... Այնպես որ, զգույշ եղեք, որպեսզի հենց դուք չլինեք անհետացողները», — գրել է Լարիջանին X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ եթե Իրանը «Հորմուզի նեղուցով նավթի հոսքը կանգնեցնելու համար որևէ քայլ ձեռնարկի, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները նրան կհարվածեն քսան անգամ ավելի ուժգին, քան նրանք, որոնք հասցվել են մինչ այժմ»։

«Բացի այդ, մենք կոչնչացնենք հեշտ խոցելի թիրախները, ինչն Իրանի համար գրեթե անհնար կդարձնի երբևէ նորից վերականգնվել որպես պետություն։ Մահը, կրակը և կատաղությունը կթափվեն նրանց գլխին։ Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չունենա։ Սա նվեր է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին և բոլոր այն երկրներին, որոնք զգալի չափով օգտվում են Հորմուզի նեղուցից։ Հուսով եմ՝ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի»,- գրել է Թրամփը։