Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները վերջերս «տասնյակ 900 կիլոգրամանոց GPS ուղղորդմամբ ռումբեր» են նետել իրանական ստորգետնյա հրթիռային հորանների վրա, հայտարարել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը:
«Մենք նաև հարվածներ ենք հասցրել կամիկաձե-դրոններ արտադրող մի քանի գործարանների՝ նրանց ինքնավար հնարավորությունների սրտին հարվածելու համար», — հավելել է Քեյնը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ Իրանի՝ հրթիռներ արձակելու և արտադրելու կարողության ոչնչացումը մնում է ԱՄՆ զինված ուժերի առաջնահերթությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում իրանական ռազմարդյունաբերական բազային, ներառյալ ստորգետնյա օբյեկտները:
Թեև ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում Իրանի հրթիռային ներուժի վերացման հարցում, անհայտ է մնում, թե ինչպես է Պենտագոնը ծրագրում հաղթահարել մեկ այլ առանցքային սպառնալիք՝ ստորգետնյա միջուկային օբյեկտները, որտեղ, ինչպես ենթադրվում է, պահվում է բարձր հարստացված ուրանը։
Նախկինում CNN-ը հայտնել էր, որ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների ոչնչացումը հնարավոր չէ միայն ավիահարվածների միջոցով և Թրամփի վարչակազմը քննարկել է ցամաքային զորքերի հնարավոր օգտագործումը՝ ստորգետնյա պահեստարաններից նյութը դուրս բերելու համար։
Ըստ մի քանի ներկա և նախկին պաշտոնյաների՝ նման գործողությունը պահանջում է խոշոր ցամաքային կոնտինգենտ, որը զգալիորեն գերազանցում է ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի փոքր խմբի հնարավորությունները։



























