Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել Իրանի տարածքին հասցվող հարվածները՝ մտավախություն ունենալով, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը կարող է կանգնեցնել ռազմական գործողությունը և այս կամ այն պատրվակով հայտարարել իր հաղթանակի մասին։ Այս մասին հայտնում է Al-Monitor պորտալը՝ հղում անելով Իսրայելի կառավարության իր աղբյուրներին։
Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը կարծում է, որ հրեական պետությանը կհաջողվի հասնել իր առավելապաշտական նպատակին՝ Իրանի ղեկավարության փոփոխությանը։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել են պորտալի աղբյուրները, երկրի ղեկավարության ներսում պառակտում է նկատվում գործողության հետագա շարունակման հարցում. Նեթանյահուն և հետախուզական մարմինները շարունակում են ձգտել Իսլամական հանրապետության պետական կարգի փոփոխությանը, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կասկածամտորեն է վերաբերվում նման «մաքսիմում-ծրագրին»։ Այնուամենայնիվ, ՑԱԽԱԼ-ն իր առջև նպատակ է դրել հնարավորինս մեծ վնաս հասցնել Իրանին, նախքան ԱՄՆ-ը կդադարեցնի ռազմական գործողությունը։
«Դեռևս կան բազմաթիվ խնդիրներ և նպատակներ: Հարձակումների յուրաքանչյուր հավելյալ օրը նվեր է», - նշել է իսրայելական բանակի ղեկավարությունում գտնվող Al-Monitor-ի աղբյուրը: Խոսքը նախևառաջ վերաբերում է իրանական միջուկային ծրագրի օբյեկտներին, բալիստիկ հրթիռների և անօդաչու համակարգերի արտադրամասերին, ինչպես նաև վարչական նշանակության շինություններին:
Իրանի նկատմամբ առավելապաշտական գծի կողմնակիցները կարծում են, որ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողության ակտիվ փուլի դադարեցումից հետո հնարավոր կլինի հասնել Իրանի ղեկավարության փոփոխությանը: Դա ծրագրվում է իրականացնել Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցների խստացման, ինչպես նաև Իրանի ափերի մոտ ԱՄՆ ռազմածովային ուժերի մշտական ներկայության պահպանման միջոցով:





























