Սովորաբար քննադատությունների արձագանքը արդարանալն է, բայց դա լավ բան չի. քննադատությունների արձագանքը պետք է լինի մեր դիրքորոշումները սկզբունքային ձևով պաշտպանելը։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե դա հասկանալի էր 2020–ի պատերազմից հետո, ապա հիմա մի կետում ենք, երբ պետք է մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պաշտպանենք. «Պետք է պաշտպանենք շատ պինդ, շատ ամուր, շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որը ունի հեռանկար։ Դա չի նշանակում, որ Հայաստանում չլուծված խնդիրներ չկան։ Աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չլուծված խնդիր չկա։ Չկա այդպիսի իրավիճակ, այդպիսի երկիր, այդպիսի տեղ, այդպիսի համակարգ, այդպիսի ոլորտ, որտեղ չլուծված խնդիր չկա։ Լուծեցիր մի խնդիր, ստացար երեք խնդիր, լուծեցիր երեք խնդիր, ստացար ինը խնդիր և այդպես շարունակ։
Մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձևավորել ենք, որովհետև մեծ ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, հեռանկար ունեցող Հայաստան է, անվտանգ Հայաստան է, ապահով Հայաստան է, քաղաքացիակենտրոն և մարդակենտրոն Հայաստան է և ինքն իրեն ռեֆլեքսիայի ենթարկվող Հայաստան է։
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, որովհետև մենք հասել ենք պատմական, հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների։ Մենք հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող անընդհատ կրկնվող պատմական ցիկլը։
Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները, երբ մեզ կաղապարը տվել են, ասել են՝ այ դուք այսպես պետք է սիրեք հայրենիքը, ձեր տան պատերին պետք է այսինչ նկարը կախած լինի, դուք պետք է երգեք այսինչ երգերը, արտասանեք այսինչ բանաստեղծությունները և այլն։ Հիմա մենք առերեսվում ենք մեր պատմության, մեր իրականության և մեր անելիքների հետ։
Այդ ճանապարհին մենք կսխալվենք, վերանայումներ կանենք, բայց ժամանակին մի կարգախոս կար Հայաստանում, հնչում էր այդպես՝ «մենք ենք տերը մեր երկրի»։ Այդ կարգախոսը այսօր իրականացված է, դա ամենամեծ նպատակն է, որը ընդհանրապես եղել է և այդ նպատակը իրագործված է։
Հիմա պետք է ձևավորել այնպիսի պետական համակարգ, որը հարատև ապահովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի տերը լինելու փաստը, և այս իրողությունը պետք է շարունակական զարգանա։ Մենք այսօր դա կարող ենք անել, որովհետև մենք մեր գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը չի գոյատևում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը կա, զարգանում է, աշխատում է, ձևավորում է օրակարգեր, լուծում է այդ օրակարգերը։
Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը շարունակաբար աճում է, տարածաշրջանային հեղինակությունը աճում է, այսօր Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է ինքը զբաղվել իր միջավայրում իր համար հարմարավետություն ստեղծելով, և սա շատ կարևոր բան է»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։





























