Ոստիկանության Արտաշատի բաժնում, փետրվարի 15-ին, ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, «Կյաժ» մականունով ոմն Վահրամ, «Չախկալ» մականունով ոմն Կարեն, Ծերուն, Սարո, Տիգրան եւ Արամ շուրջ 20 րոպե վիճաբանել ու հայհոյել են՝ ծեծի ենթարկելով համագյուղացիներ՝ 26-ամյա Սամվել Հ.-ին, 32-ամյա Վաչագան Հ.-ին, 32-ամյա Արտյոմ Ա.-ին եւ 34-ամյա Դավիթ Ե.-ին: Միջադեպի ընթացքում Ծերունը մեկ անգամ կրակել է օդ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Կյաժ» մականունով ոմն Վահրամը 27-ամյա Վահրամ Ա.-ն է, «Չախկալ» մականունով ոմն Կարենը` 33-ամյա Կարեն Ա.-ն, Ծերունը` 26-ամյա Ծերուն Ս.-ն, Սարոն` 31-ամյա Սարիբեկ Հ.-ն, Տիգրանը` 22-ամյա Տիգրան Ս.-ն, Արամը` 20-ամյա Արամ Ա.-ն:
Փետրվարի 16-ին, ժամը 12.00-ին, Տիգրան Ս.-ն բերման է ենթարկվել բաժին եւ ներկայացվել ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահրամ Ա.-ին, Կարեն Ա.-ին, Ծերուն Ս.-ին, Սարիբեկ Հ.-ին եւ Արամ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 15-ի երեկոյան կրակոցներ են հնչել Արարատի մարզի Գետազատ գյուղում: Մի խումբ երիտասարդներ վիճաբանության են բռնվել, ինչն ավարտվել է կրակոցներով: Մեր տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է առաջիկայում այդ գյուղում տեղի ունենալիք գյուղապետի ընտրությունների հետ կապված:




























