Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության հիման վրա, հարվածել և սպանել են Լիբանանում իրանական «Իմամ Հոսեյն» դիվիզիայի հրամանատար Ալի Մուսլիմ Թաբաջային, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ սպանվել են նաև այլ բարձրաստիճան հրամանատարներ։
««Իմամ Հոսեյն» ստորաբաժանումը ռազմական ուժ է, որն օգտագործվում է Իրանի «Ղոդս» ուժերի կողմից՝ իրանական առանցքն ամրապնդելու և Իսրայելի պաշտպանության բանակին ու Իսրայելի քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ստորաբաժանումը բաղկացած է Մերձավոր Արևելքի հազարավոր մարտիկներից և ծառայում է որպես «ուժի կիրառման միջոց», որը «Հըզբոլլահին» տրամադրում է զգալի հնարավորություններ։
««Առյուծի մռնչյուն» և «Հյուսիսի նետեր» գործողությունների ընթացքում ստորաբաժանումը ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին՝ Լիբանանի տարածքից իրականացնելով բազմաթիվ ահաբեկչական հարձակումների ծրագրեր՝ համաձայնեցնելով «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության հետ։ Դա ներառում էր անօդաչու թռչող սարքերի արձակում և հրթիռային հարձակումներ Իսրայելի հյուսիսում բնակեցված տարածքների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ Թաբաջան Իսրայելի դեմ գործողության ժամանակ ծառայել է որպես ավագ հրամանատար։
Ալի Մուսլիմ Թաբաջան ստորաբաժանման և «Հըզբոլլահ»-ի առանցքային դեմքերից էր։
Նույն հարվածի ժամանակ զոհվել են մի քանի այլ մարտիկներ, նրանց թվում՝ «Իմամ Հուսեյն» դիվիզիայի փոխհրամանատար Ջիհադ ալ-Սաֆիրան, դիվիզիայի սպա Սագեր ալ-Հանդասան և այլ ավագ հրամանատարներ, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը։





























