Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` փետրվարի 16-ին, մեծ հանդիսավորությամբ նշվել է Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը, մատուցվել է սուրբ պատարագ:
Արարողության ավարտին իր քարոզում պատարագիչ Սրբազանը հանգամանորեն անդրադարձել է սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին: «Ավարայրի ճակատամարտից հետո անցել են դարեր, սակայն Վարդանանց ոգին կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանը, մեր կյանքին: Այն զուտ պատմական փաստ չէ, որով պարծենում ենք, այլ շարունակվող իրադարձություն: Մարդկության պատմությանը հայտնի են իրադարձություններ, որոնք հեղաշրջող նշանակություն են ունենում ազգերի կյանքում, հարստացնում են նրանց ինքնությունը եւ անմահացնում անունը: Վարդանանցով պատմության մի նոր շրջան է սկսվում հայոց կյանքում, որը բնորոշվում է սեփական ինքնության հանդեպ հավատարմության հաստատումով, ազատության համար պայքարի գիտակցության արթնացմամբ», - նշել է հոգեւորականը:




























