Ջո Քենթի հրաժարականը Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կառուցվածքում -ODNI) տնօրենի պաշտոնից ծաղրի է արժանացել Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում, ինչը քիչ հավանական է դարձնում, որ վարչակազմը որևէ ազդեցություն կունենա ներքին տարաձայնությունների կամ Իրանի հետ պատերազմի ընթացքի փոփոխության վրա, գրում է The Guardian-ը։

Թրամփի մի քանի ավագ խորհրդականներ վաղուց արդեն հստակորեն հայտարարել են, որ կարևորություն չեն տալիս Քենթին և նրա տեսակետները։ Դա հաստատվում է այն փաստով, որ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում Քենթը նշանակալի դեր չի խաղացել որևէ խոշոր գործողության կամ քաղաքականության որոշման մեջ։

Սակայն նրա աղմկահարույց հրաժարականը զայրույթ է առաջացրել, ներառյալ՝ նախկին գործընկերների շրջանում։

Քենթը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ Իրանն անմիջական սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար։ «Իմ խիղճը թույլ չի տալիս ինձ աջակցել Իրանում շարունակվող պատերազմին,- ասել է նա։ -Իրանն անմիջական սպառնալիք չի ներկայացրել մեր ազգի համար, և պարզ է, որ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման տակ»,- նշել է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը։

Ինչպես նշում է Associated Press-ը, Ջո Քենթը, որը նախկինում քաղաքական թեկնածու էր և կապեր ուներ աջ ծայրահեղականների հետ, իր պաշտոնում հաստատվեց անցյալ տարվա հուլիսին՝ 52-44 ձայների հարաբերակցությամբ։ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում նա ղեկավարում էր ահաբեկչական սպառնալիքների վերլուծության և բացահայտման համար պատասխանատու գործակալությունը։

Նրա հրաժարականն արտացոլում է նախագահ Դոնալդ Թրամփի ընտրազանգվածի բազայի մտահոգությունները պատերազմի վերաբերյալ և ցույց է տալիս, որ դրա հիմնավորվածության շուրջ հարցերը դուրս են գալիս ավանդական քննադատության սահմաններից և նույնիսկ ազդում են Թրամփի կողմնակիցների աջ թևի, ինչպես նաև նրա վարչակազմի ավագ անդամների վրա։

ԱՄՆ-ի առանցքային հակաահաբեկչական մարմիններից մեկում ղեկավարության փոփոխությունները տեղի են ունենում ներքին ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին՝ անցյալ շաբաթ Միչիգանի սինագոգի և Վիրջինիայի համալսարանի վրա հարձակումներից հետո։

Թրամփն, իր հերթին, տարբեր բացատրություններ է տվել հարվածների համար և մերժել է այն պնդումները, որ Իսրայելն է դրդել ԱՄՆ-ին գործել։ Այս ամսվա սկզբին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Սպիտակ տունը կարծում է, որ Իսրայելը պատրաստ է գործել անկախ, ինչը նախագահին դրել է «շատ դժվար որոշման» առջև։

Դեմոկրատները կտրականապես դեմ են արտահայտվել Քենթի նշանակմանը՝ հղում անելով անցյալում ծայրահեղ աջ գործիչների հետ նրա ունեցած կապերին և դավադրության տեսություններին։ Սակայն, նրա հրաժարականից հետո, Սենատի հետախուզության հանձնաժողովի գլխավոր դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերաբերյալ իր մտահոգություններն արդարացված են։ «Ես կտրականապես համաձայն չեմ նրա շատ դիրքորոշումների հետ, մասնավորապես նրանց հետ, որոնք կարող են քաղաքականացնել մեր հետախուզական համայնքը։ Սակայն տվյալ դեպքում նա ճիշտ է. Իրանից անմիջական սպառնալիքի որևէ հավաստի ապացույց չկար, որը կարդարացներ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգներին հերթական պատերազմի մեջ հապճեպ ներքաշվելը»։

Գաբարդը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը այս շաբաթվա վերջին գլոբալ սպառնալիքների վերաբերյալ տարեկան լսումների ժամանակ պետք է ելույթ ունենան օրենսդիրների առջև։

Այս տարի ուշադրության կենտրոնում կլինի Իրանի հետ պատերազմը, մասնավորապես՝ այն հաղորդագրությունների վերաբերյալ, որ հնացած հետախուզությունը կարող է հանգեցրել Իրանի տարրական դպրոցի վրա ԱՄՆ-ի օդային հարվածին, որի հետևանքով ավելի քան 165 մարդ է զոհվել։

Գաբարդը ավելի վաղ քննադատել է Իրանի դեմ ռազմական հարվածների գաղափարը։ Վեց տարի առաջ նա հայտարարել էր. «Իրանի հետ լայնածավալ պատերազմը Իրաքում և Աֆղանստանում պատերազմները կդարձնի շատ հեշտ։ Այն շատ ավելի թանկ կարժենա զոհերի՝ ամերիկացիների կյանքի և հարկատուների դոլարների առումով, և հանուն ի՞նչ նպատակի։ Հանուն ի՞նչ խնդրի»։