Չգիտեմ, թե ինչու ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության վերաբերյալ հարցին։
Ինչպես ընդգծել է Արաղչին, առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա։
«Իհարկե, մարդիկ ազդեցիկ են, և յուրաքանչյուրն իր դերն ունի՝ մեկն ավելի լավ, մյուսը՝ վատ, մեկն ավելի շատ, մյուսը՝ քիչ։ Բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ ամուր կառույց է։ Մենք չենք ունեցել ավելի կարևոր մեկին, քան հենց Առաջնորդը։ Եվ նույնիսկ նա սպանվեց։ Այդուհանդերձ, համակարգը շարունակում է գործել և անմիջապես ապահովեց նրա փոխարինումը։ Եթե մեկ ուրիշն էլ սպանվի, նույնն է լինելու։ Եթե սպանվի արտաքին գործերի նախարարը, ապա ի վերջո այդ պաշտոնը մեկ ուրիշը կզբաղեցնի»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։




























