Իրանի դեմ մղվող պատերազմի պատճառով Կատարը կարող է վերադառնալ Սիրիայի տարածքով դեպի Թուրքիա գազամուղ կառուցելու գաղափարին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Սերգեյ Շիլովը։

«Իսրայելը հարվածել է Իրանի Բուշեր նահանգի օբյեկտներին և Ասալույե արդյունաբերական քաղաքին։ Դա առանցքային հաբ է, որտեղ «Հարավային Փարսից» ստացվող գազը վերամշակվում և բաշխվում է ողջ երկրով մեկ։ Դա գազի հսկայական պահուստարան է Պարսից ծոցի ջրերի տակ, որն Իրանը կիսում է Կատարի հետ (այնտեղ դա կոչվում է «Հյուսիսային հանքավայր»)։

Իրանի համար «Հարավային Փարսը» պարզապես հանքավայր չէ։ Այն ապահովում է իրանական քաղաքների, հիվանդանոցների ու գործարանների կենսագործունեության համար անհրաժեշտ գազի 70%-ը։ Հենց այդ պատճառով էլ Իրանն այդքան սուր է արձագանքել հարձակմանը։ Թիրախավորվել էր ոչ միայն «քաղաքացիական և կենսական նշանակության ենթակառուցվածքը», այլև պետության հիմնական գործառույթներն իրականացնելու կարողությունը։ Ալի Լարիջանիի սպանությունից հետո տները առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման թողնելը Իսրայելի կողմից բողոքի ցույցերը խթանելու ակնհայտ փորձ է։

Իրանը նախազգուշացրել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածներն անխուսափելի են։

Պարսիկները հարվածել են կատարական Ռաս-Լաֆանին։ Իսկ սա, իր հերթին, հեղուկացված բնական գազի արտադրության աշխարհի խոշորագույն կլաստերն է, որից կախված են աշխարհի կեսի և առաջին հերթին՝ Եվրոպայի էներգահամակարգերը։

Ռաս-Լաֆանի անձնակազմը տարհանվել էր մի քանի ժամ առաջ։ Նրանք գիտեին։ Սպասում էին պատասխանին։ Հրդեհներն այնպիսի ուժգնությամբ էին մոլեգնում, որ դրանք մարում էին կատարական արդյունաբերության ողջ հզորությամբ։ «QatarEnergy»-ն հաստատել է, որ վնասը զգալի է։ Գները կրկին սկսել են բարձրանալ. «Brent» տեսակի նավթի գինը կտրուկ աճել է մինչև 110 դոլար, եվրոպական գազը թանկացել է 8%-ով (իսկ պատերազմի սկզբից ի վեր ընդհանուր աճը կազմել է 80%)։

Այնպիսի տպավորություն է, որ հենց հիմա փորձ է արվում Եվրոպային ներքաշել պատերազմի մեջ, որն ամեն կերպ խուսափում է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցմանը մասնակցելու Թրամփի առաջարկներից։

Ինչ-ինչ պատճառներով չեն հիշատակում հին նախագծի «ուրվականը»՝ Սիրիայի տարածքով Կատարից Թուրքիա ձգվող գազամուղը։ Այն անվանում էին նախկին ՍԱՀ-ում (Սիրիայի Արաբական Հանրապետություն) քաղաքացիական պատերազմի պատճառներից մեկը։

Այս գաղափարը ծնվել էր դեռևս 2000-ականների վերջին։ Կատարը ցանկանում էր գազ մղել դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը։ Խողովակաշարը պետք է անցներ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Սիրիայի տարածքով, սակայն Ասադը մերժել է այն։

Այսօր՝ 15 տարվա պատերազմից հետո, նա այլևս չկա (իշխանության չէ)։ Սիրիան գտնվում է Թուրքիային և Կատարին հնազանդ նոր ուժերի վերահսկողության տակ։ Դոհան արդեն իսկ մուտք է գործում սիրիական տնտեսություն. անցյալ տարվա ամռանը միլիարդավոր դոլարների համաձայնագրեր են ստորագրվել գազի մատակարարման և էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ։

Այս պատերազմի տրամաբանությունը հուշում է, որ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին Կատարը կվերադառնա խողովակաշարի հին գաղափարին։ Հիմա արդեն ոչ ոք «ոչ» չի ասի։ Իսկ Թուրքիան, որն իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի հյուսիսը, կդառնա տարանցիկ երկիր։

Ավելի թանկարժեք այլընտրանքային երթուղու հին քարտեզների վրա դուք կարող եք տեսնել նաև Հյուսիսային Լիբանանը (Տրիպոլի)։ Ինչպիսի՜ պատահականություն. ընթանում է պատերազմ, որը նպատակ ունի ոչնչացնել իրանամետ «Հեզբոլլահին»։ Ինչպես ժամանակին Ասադը, այն նույնպես «կոկորդին կանգնած ոսկոր կդառնա» նախագծի ճանապարհին։ Իսկ «Հեզբոլլահի» հարցերը մեկընդմիշտ լուծելն արդեն բացահայտորեն առաջարկվում է Սիրիայի նոր իշխանություններին։ Ընդ որում՝ դա լինելու է սպանդ, բայց՝ օտարի ձեռքերով։

Համոզված եմ, որ ԱՄՆ-ն ցանկացած դեպքում թույլ չի տա, որ գազն անցնի իր շահերը շրջանցող ուղիով։ Որովհետև նա, ով վերահսկում է խողովակաշարը, Եվրոպային պահում է «կարճ սանձի» վրա։ Կատարական գազը համաշխարհային շուկա է, և ամերիկացիներն այստեղ նրանց ուղղակի մրցակիցներն են։ Այժմ հենց նրանք են մասնակիորեն Եվրոպային մատակարարում իրենց հեղուկացված բնական գազը (ՀԲԳ), քանի դեռ Կատարի արտահանումը Հորմուզի նեղուցով արգելափակված է։

Գազամուղ կառուցելն արագ գործ չէ։ Բայց եթե նախագծին վերադառնան, Ամերիկան կցանկանա նշանակել իր օպերատորին, իր ընկերությանը։ Սիրիայի հետ կապված կա միայն մեկ խնդիր՝ անվտանգությունը։

Զարմանալի զուգադիպությամբ՝ այս պատերազմից առաջ ամերիկացիները նոր Դամասկոսին են հանձնել քրդական տարածքները հենց գազի հիպոթետիկ երթուղիներից մեկի կառուցման ճանապարհին։ Սակայն սիրիական անապատում մինչ օրս թափառում են նրանք, ում անվանում են ԻԼԻՊ (ԻՊ)։ Դրանք անվերահսկելի խմբավորումներ են, որոնք ցանկացած պահի կարող են կտրել խողովակը, պայթեցնել կոմպրեսորային կայանը կամ աղետ հրահրել։

Թեև ԱՄՆ-ն դուրս է բերել զորքերը Սիրիայից, սակայն շարունակում է սերտորեն համագործակցել նոր Դամասկոսի հետ։ Փետրվարին ամերիկացիները տասնյակ հարվածներ են հասցրել ԻԼԻՊ-ի Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Սա պարզապես ահաբեկչության դեմ նրանց անվերջանալի պատերազմի հերթական փուլը չէ։ Տպավորություն է ստեղծվում, թե տարածքի «զտում» է իրականացվում ապագա նախագծերի համար, որոնք վերաձևավորելու են աշխարհի էներգետիկ քարտեզը։ Ռեսուրսների ցանկացած մատակարար-մրցակից և դրանց սպառող պետք է լինեն «երկաթե կրունկի» տակ»,- նշել է Շիլովը։